գլխավոր Գլխավոր ՀՀ Վարչապետի անհապաղ հրաժարականը ձեռնտու չէ ո՛չ Երևանին, ո՛չ Մոսկվային․ Коммерсантъ

ՀՀ Վարչապետի անհապաղ հրաժարականը ձեռնտու չէ ո՛չ Երևանին, ո՛չ Մոսկվային․ Коммерсантъ

«Պարտության պատասխանատվությունը, առավել ևս ՝ այդքան կործանարար, ամեն դեպքում կրում է քաղաքական և ռազմական ղեկավարությունը։ Այլ կերպ չի լինում։ Դրա համար էլ վաղ թե ուշ Փաշինյանը ստիպված կլինի հեռանալ ու պատասխան տալ իր գործողությունների համար, ավելի շուտ ՝ նույնիսկ կրիտիկական պահին իր անգործության համար»,- գրում է ռուսական Коммерсантъ-ը։

Միևնույն ժամանակ հոդվածի հեղինակը՝ Մաքսիմ Յուսինը նկատում է․

«․․․Որքան էլ պարադոքսալ է, բոլորի համար ավելի լավ կլինի, եթե նրա հեռանալը տեղի ունենա ոչ շատ շուտ, ոչ հենց հիմա: Հենց Նիկոլ Փաշինյանն է նոյեմբերի լույս 10-ի գիշերը ստորագրել երեք առաջնորդների՝ պատերազմը դադարեցման մասին հայտարարությունը ։ Հենց նա է պատասխանատու դրա իրականացման համար։ Եվ եթե վաղը նրան տապալի հեղափոխական ամբոխը կամ ռազմատենչ տրամադրված ընդդիմությունը, որը կնքված համաձայնագրերը համարում է կապիտուլյացիա, զինադադարը սպառնալիքի տակ կհայտնվի։ Ընդ որում, պետք է հասկանալ. ներկա իրավիճակում ռազմական գործողությունների վերսկսումը աղետ է սպառնում առաջին հերթին Հայաստանին, որը պատրաստ չէ դիմադրության։ Բացի այդ, սպառնալիքի տակ կարող են հայտնվել Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները։ Իսկ դա կտրականապես անընդունելի է արդեն Մոսկվայի համար ՝ հայկական շահերի վերջին և ամենաարդյունավետ պաշտպանի համար։ Այդ պատճառով պոպուլիստներին, որոնք խոստանում են վերսկսել պատերազմը և հետ գրավել կորցրած հողերը, պետք է առավելագույնս հետ պահել իշխանությունից։

Դժբախտությունը, եթե չասենք Հայաստանի ողբերգությունը նրանում է, որ փորձությունների ժամին իր ողջ սնանկությունը ցուցաբերած Նիկոլ Փաշինյանին այսօր պարզապես փոխարինող չկա։

Նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որոնց հետ Մոսկվան վատ չէր լեզու գտնում (հատկապես առաջինի հետ), հնարավոր տարբերակ չեն։ Հայ հասարակության համար նրանք խիստ ասոցացվում են կոռուպցիայի հետ՝ մինչև պետական քաղաքականության աստիճանի հասցված։ Հայկական բանակի դեգրադացիան, հակառակորդից որակական հետ մնալը բոլորովին էլ Փաշինյանի օրոք չեն սկսվել, նրա նախորդները քիչ բան են արել իրավիճակը շտկելու համար։

Մի խոսքով, Հայաստանն այժմ հայտնվել է մի իրավիճակում, երբ հաջող լուծումներ չկան։ Շախմատում այդպիսի դիրքը, երբ հնարավոր քայլերից յուրաքանչյուրը միայն վատացնում է իրավիճակը, անվանում են ցուգցվանգ։ Իսկ դա նշանակում է, որ եթե շարունակենք նմանությունը շախմատի հետ, Պարտիան պետք է հետաձգել։ Կրքերին հանդարտվելու հնարավորություն տալ (չնայած նրանք դեռ շուտ չեն հանդարտվի, սա, այնուամենայնիվ, Կովկասն է)։ Պետք է օգտվել նրանից, որ Ղարաբաղի հայերի անվտանգությունն այժմ, բարեբախտաբար, ապահովում են ռուս խաղաղապահները։

Այսինքն՝ հաջողվել է խուսափել հումանիտար աղետի վատագույն սցենարից՝ տասնյակ հազարավոր մարդկանց իրենց տներից արտաքսումից։ Այս իրավիճակը պետք է հնարավորինս սառեցնել։ Հնարավորություն տալ օտարերկրյա միջնորդներին (առաջին հերթին ՝ Մոսկվային) լուծել բանակցությունների սեղանի շուրջ առկա խնդիրների գոնե մի մասը ՝ երկխոսության և ողջամիտ փոխզիջումների միջոցով։ Երեւանում ցանկացած կտրուկ շարժում հիմա դրան կարող է միայն խանգարել։ Փաշինյանի հետ հայ հասարակությունը միշտ կհասցնի հաշիվները պարզել։ Չեմ կարծում, որ դրանում պետք է շատ շտապել»։