գլխավոր Իրադարձային Crew Dragon տիեզերանավը բարեհաջող «խարսխվել է» Միջազգային տիեզերակայանին

Crew Dragon տիեզերանավը բարեհաջող «խարսխվել է» Միջազգային տիեզերակայանին

Ամերիկյան SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավը երկուշաբթի «խարսխվել է» Միջազգային տիեզերակայանին. կարևոր այս իրադարձության հեռարձակումը կատարվել է Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության՝ ՆԱՍԱ-ի պաշտոնական կայքում:

Նշվում է, որ ավելի ուշ տիեզերանավի անձնակազմն իր թվիթերյան էջերում հաստատել է օպերացիայի բարեհաջող ավարտի մասին տեղեկությունները: Այս պահին կապող պարանի ամրության ստուգման համար աշխատանքներ են տարվում: 

Նշվում է, որ «խարսխման» գործընթացն իրականացվել է վեց րոպե ուշացմամբ: Դա պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ անհրաժեշտ էր կայանից 20 մետր հեռավորության վրա գտնվելով` սպասել արևածագին և հստակ տեսնել ուղեծրային համալիրը: 

Crew-1 առաքելության անձնակազմի անդամներ են ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ Մայքլ Հոփքինսը, Վիկտոր Գլովերը, Շենոն Ուոքերը և օդատիեզերական հետազոտությունների ճապոնական գործակալության ներկայացուցիչ Սոիթի Նոգութին: