գլխավոր Գլխավոր Թուրք-ադրբեջանական դրոշներով էստակադա չի լինելու․ Ռուբեն Ռուբինյան

Թուրք-ադրբեջանական դրոշներով էստակադա չի լինելու․ Ռուբեն Ռուբինյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկին փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում նշեց, որ ստորագրված հայտարարության մեջ որևէ հղում չկա Մեղրիին, Սյունիքի մարզին կամ որևէ էստակադայի, առավել ևս՝ թուրքական կամ ադրբեջանական դրոշներով։ Ռուբեն Ռուբինյանն այս հայտարարությամբ պատասխանում էր Էդմոն Մարքույանի ելույթին, որն ասում էր, թե Հայաստանում արդեն լուրեր են տարածվում, որ Մեղրիով կառուցվող ճանապարհը լինելու է էստակադա ու դրա վրա լինելու են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները:

«Եվ երկրորդ՝ պատերազմի ժամանակ չի եղել որևիցե պահ, երբ հնարավոր է եղել պատերազմը կանգնեցնել ավելի լավ պայմաններով, և դա չի արվել: Սա նույնպես ապատեղեկատվություն է»,- ասաց Ռուբինյանը՝ այս անգամ արդեն արձագանքելով «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Միքայել Մելքումյանի այն հայտարարությանը, թե Ռուսաստանը պատերազմի առաջին իսկ օրերից է առաջարկել ռազմական դիտորդներ ուղարկել Հայաստան, ԼՂ և Ադրբեջան:

Ռուբինյանն առաջարկեց ԱԺ ամբիոնից ելույթներից առաջ հիշել ՀՀ քաղաքացիներին, որոնք մեծ ցավ ունեն ու նման ելույթներ են լսում: Իշխանական պատգամավորն ընդդիմությանը մեղադրեց ցավի կապիտալիզացիայի մեջ:

Այս հայտարարությունից հետո դահլիճում աղմուկ բարձրացավ, բայց Ռուբինյանը շարունակեց ելույթը:

«Ձեզ չի՞ հետաքրքրում, թե ինչու մեզանից հիասթափված մարդիկ չեն գալիս ձեր հանրահավաքներին: Որովհետև դուք չեք խոսում ապագայի մարին, չեք խոսում պրոբլեմների լուծման մասին: Մի զբաղվեք ցավի կապիտալիզացիայով»,- ասաց Ռուբինյանը: