գլխավոր Քաղաքականություն Ծառուկյանը իրականացրել է կառավարչական լիազորություններ, ինչը պատգամավորի մանդատի հետ անթույլատրելի են. ԿԿՀ...

Ծառուկյանը իրականացրել է կառավարչական լիազորություններ, ինչը պատգամավորի մանդատի հետ անթույլատրելի են. ԿԿՀ նախագահ

Սա որեւէ կերպ պայմանավորված չէ ո՛չ ներքաղաքական վերջին զարգացումներով, մասնավորապես՝ հարուցված քրեական գործերով, եւ ո՛չ էլ ռազմական դրության ժամանակ տեղի ունեցած իրադարձություններով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Կոռուպցիայի կանխարգելման  հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն՝ անդրադառնալով ԱԺ խորհրդի այսօրվա նիստի օրակարգում Գագիկ Ծառակյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ հարցին։

«Հանձնաժողովն այս վարույթը սկսել է դեռ 2020թ․-ի հուլիսին, բազմաթիվ փատաթղթեր եւ տեղեկություններ են ուսումնասիրվել հանձնաժողովի կողմից, որոնք ձեռք են բերվել հանձնաժողովի լիազորությունների շրջանակում, ինչպես նաեւ հենց վարույթի մասնակցի դիմումների միջոցով։ Երբ տեղի ունեցան որոշակի զարգացումներ եւ մեր վարույթը ընթացքի մեջ էր, երկու անգամ հանձնաժողովը ստիպված է եղել հենց վարույթի մասնակցի ներկայացուցչի դիմումի հիման վրա վարույթի ժամկետները երկարացնել, որպեսզի հնարավոր լինի ստանալ եւ ունենալ նաեւ կանկրետ անձի պարզաբանումը։ Մեր ժամկետները համընկան տեղի ունեցող այլ զարգացումների հետ եւ փաստացի ԱԺ-ում խորհրդի նիստին, որի ընթացքում հանձնաժողովը պիտի ներկայացներ եզրակացությունը՝ հետաձգվեց, որովհետեւ նիստին  Գագիկ Ծառուկյանը չէր մասնակցում»,- ասաց Հայկուհի Հարությունյանը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ  հանձնաժողովը եզրակացություն  է տվել, որ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կողմից տեղի է ունեցել «Հանրային ծառայության մասին» օրենքի կոնկրետ անհամատեղելիության պահանջ-պայմանի խախտում։

«Անձը հանդես է եկել եւ իրականացրել է կառավարչական լիազորություններ իր բաժնեմասնակցությամբ կազմակերպություններում, որոնք ըստ էության, իր պատգամավորական մանդատի հետ անթույլատրելի են»,- նշեց նա։

Հարցին, եթե Գագիկ Ծառուկյանը չներկայանա ԱԺ խորհրդի նիստերին, ի՞նչ գործընթացներ պետք է տեղի ունենան, Հայկուհի Հարությունյանն ասաց, որ ԱԺ խորհուրդը առանց նրա մասնակցության, կլսի հանձնաժողովի եզրակացությունը,  եւ կորոշի այն ուղարկվո՞ւմ է Սահմանադրական դատարան, թե՞ ոչ։