գլխավոր Քաղաքականություն National Interest․ Ղարաբաղյան հակամարտությունում ամերիկյան հետախուզության թույլ տված 3 գլխավոր սխալները

National Interest․ Ղարաբաղյան հակամարտությունում ամերիկյան հետախուզության թույլ տված 3 գլխավոր սխալները

Ամերիկյան National Interest հանդեսը ներկայացրել է Ղարաբաղյան հակամարտությունում ամերիկյան հետախուզության թույլ տված 3 գլխավոր սխալները:

Հոդվածում ասվում է, որ ռուս խաղաղապահների դիրքավորմանը զուգահեռ Լեռնային Ղարաբաղում լռում են բոլոր տեսակի զենքերը:

Նույնիսկ ամենահանգիստ ժամանակ Վաշինգտոնի ուշադրությունն այս հարցին այնքան էլ մեծ չէ, իսկ այս ժամանակաշրջանում, երբ տեղի է ունենում նախագահական ընտրությունների ձայների վերահաշվարկ, առավել ևս: Կոնգրեսը, սակայն, ավելի լայն պատասխանատվություն ունի, քան պարզապես կուսակցական շահ հետապնդելն է: Ընտրությունների ավարտից հետո Սենատի և Ներկայացուցիչների պալատի հետախուզական կոմիտեները պետք է կենտրոնանան հետախուզական 3 անհաջողությունների ուսումնասիրության վրա, գրում է աղբյուրը:

Ըստ հանդեսի՝ ԱՄՆ-ի կողմից առաջին սխալը տարածաշրջանում սպասվող պատերազմի մասին չիմացությունն է: Հոդվածում  նշվում է, որ մարտին պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը թույլ է տվել շարունակել ԱՄՆ-ից ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին, քանի որ Բաքուն խոստացել էր դիվանագիտական ճանապարհով կարգավորել տարածքային վեճերը:

«Բիգանն ու Պետդեպարտամենտը ստե՞լ են, թե՞ նրանց խաբել է Ադրբեջանը, ինչո՞ւ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը անակնկալի եկավ»- հարցնում է հոդվածագիր Մայքլ Ռուբինը:

Հոդվածում նաև կարծիք է հնչում, որ Բաքուն ռազմական ծրագրերը համաձայնեցրել է Թուրքիայի հետ:

Ամերիկյան հատուկ ծառայությունների երկրորդ սխալը տարածաշրջանում Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ նրանց կարճատեսությունն է: Մասնավորապես, ամերիկյան հետախուզությունը ի վիճակի չի եղել կանխատեսել ռուս խաղաղապահների տեղակայումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչը տեղի է ունեցել Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև ուղղակի բանակցությունների արդյունքում, այլ ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմների միջոցով, որի համանախագահներից է ԱՄՆ-ն` Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին:

Պարբերականը որպես ԱՄՆ հետախուզության երրորդ ձախողում նշում է հատուկ ծառայությունների կողմից Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների մասին չիմացությունը: