գլխավոր Իրադարձային Վերցնե՛նք պատասխանատվությունը, սկսենք ամբողջ աշխարհի հայության մտավոր ռեսուրսը համախմբելու գործընթաց. Աբրահամ Գասպարյան....

Վերցնե՛նք պատասխանատվությունը, սկսենք ամբողջ աշխարհի հայության մտավոր ռեսուրսը համախմբելու գործընթաց. Աբրահամ Գասպարյան. tert.am

Քարվաճառը, ինչպես և նախատեսվում էր ստորագրված հայտարարությամբ, արդեն մեր հսկողության տակ չէ: Տները վառեցինք, ապամոնտաժեցինք, ինչ հասցրինք՝ տարանք, Դադիվանքում մի կուշտ աղոթեցինք… այնտեղ մի քանի տղամարդ է մնացել՝ նրանք էլ վաղ թե ուշ դուրս կգան, ռուսական զորքն էլ պատրաստ է արդեն մտնելու…Ոչ հայանպաստ այս փաստաթղթի միակ դրական կողմն այն է, որ Ռուսաստա՛նն է հսկելու այնտեղ՝ թուրքի փոխարեն, Ռուսաստանը, որի ջանքերով էլ կասեցվեց պատերազմը:Այս մասին «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է հաղորդման հեղինակ Աբրահամ Գասպարյանը։

Նա նշել է, որ կարելի էր անել ամեն ինչ՝ խուսանավել, ճկուն լինել, լուրջ աշխատել, լավ պաշտպանվել, հուժկու սպառազինություն ունենալ…չարվեց:

«Մեղավոր չեմ փնտրում, չեմ էլ փնտրելու…ակնհայտ է…26 տարի չկարողացանք նորմալ պետություն ստեղծել…եթե այս պարտությունից հետո սրտի մխիթարանք է հնչելու միտքը, որ նախկինները եթե չթալանեին, այսօրվա իշխանությունը չէր պարտվի, հարց չկա…թող այդպես լինի, բայց ճշմարտությունը դրանից չի տուժում: Իսկ իրականությունն այն է, որ պարտվեցինք բոլորս, ոչ թե այս կամ այն իշխանությունը: Այսօրվանը պատասխանատվություն է կրում, նախկինի պես: Ուստիև՝ ֆիքսում ենք՝ պարտվել ենք բոլորս և պիտի հաղթե՛նք բոլորս»,-ասել է նա:

Հեղինակի խոսքով՝ փաստաթուղթն արդեն անցած փուլ է, փաստ, որը պարտավոր ենք ընդունել, որի կասեցումը մեզ չհաջողվեց:

«Հիմա ինֆորմացիոն հակասություններն այնքան շատ են, որ նոր խոսում էի տղերքի հետ Քարվաճառում, ասում են, որ մինչև ամսի 25-ն են ժամանակ խնդրել, որ ինչ-որ տեղափոխություններ անեն, քանի ժամանակը քիչ է, չգիտեմ…փաստն այն է, որ երկու օր այս կողմ կամ այն կողմ՝ բան չի փոխելու, քանի չկարողացանք փաստաթուղթը վերանայելու համար ժամանակ խնդրել կամ պահանջել…ինչպես ուզում եք որակեք…իշխանությունն էլ որևէ մեսիջ չհղեց հանրությանը, որ նման գործընթաց կարող է ծավալվել: Ինչևէ: Այսօր Քարվաճառ, վաղն էլ Շուշի…Այս ամբողջ գործընթացից ճշմարտությանը մոտ մի իրողություն ի հայտ եկավ, որի մասին շատերը լուռ մտածում էին, բայց հիմա կիսախուփ բերանով ասում են…որ Արցախն այլևս բեռ չէ…վերջ, խնդիրը՝ լուծում գտավ»,-ասել է նա:

Աբրահամ Գասպարյանը, սակայն, արձանագրել է՝ հակամարտությունը դեռ չի կարգավորվել, չի էլ կարգավորվելու և պատրանք է միտքը, որ լավ ենք ապրելու ու զարգանալու՝ քանի տվեցինք Արցախը․ թուրքի կողքին մենք հանգիստ չե՛նք ապրելու:

«Ոչ հայանպաստ փաստաթղթի մեջ, սակայն, կան էական կետեր, որոնք առնչվում են Արցախի անհայտ կարգավիճակին, Լաչինին և ՀՀ ռազմաքաղաքական անվտանգությանը, մասնյավորապես Մեղրիով ճանապարհ տալուն: Այս դրույթների դեմ պայքարի ալիքը, վստահեցնում եմ, չի դադարելու: Մինչև դեկտեմբերի 1-ը 15 օր ժամանակ ունենք, բայց ինչպես հասկացա Քարվաճառի դեպքից հետո, իշխանությունը որևէ ազդանշան չի ուղարկում, որ եկեք միասին աշխատենք, մեզ բոլորդ դիմեք, մենք էլ անենք հնարավորը, որպեսզի մտածենք ինչ է հնարավոր փոխել: Ուստիև՝ ընդունում ենք իրերի դրությունն այնպես ինչպես կա, բայց՝ չենք ընկրկում, չենք նվվում, հույսներս չենք թաղում, հակառակը՝ խոստանում ենք՝ որ չենք ընդունելու այս փաստաթուղթը՝ որքան ժամանակ էլ անցնի…կլինի վաղը, թե 5 տարի անց՝ մեկ է՝ չենք համակերպվելու, չենք ընդունելու: Թե այս փաստաթուղթը ինչ ճակատագիր կունենա մի քանի տարի անց՝ չեմ կարող ասել…բոլորս հանկարծակիի եկանք կապիտուլյացիայի պայմաններից…ժամանակ էլ չունեցանք քննարկելու, մտածելու, այլընտրանք առաջարկելու»,-ասել է Գասպարյանը։

Հեղինակը խոստացել է իր մտավոր ու ֆիզիկական կարողությունն ի սպաս դնել հզոր պետություն ունենալուն։

«Այդպես են մտածում իմ ազգի տասնյակ հազարավոր հայորդիներ, որոնք ուզում են ապրել արժանապատիվ ու հզոր երկրում: Ես ձեզ մենակ չե՛մ թողնի: Ես կշպրտեմ այս դրոշը: Մենք հանձնվող տեսակ չենք: Մեզ հետ պիտի հաշվի նստեն, բայց խելքով: Հազարավոր իմ հայրենակիցներ…որոնք այս օրերին սպասում էիք, որ կանեմ իմ քայլը: Այսօրվանից անում եմ: Անելու եմ՝ դրա մեջ դնելով իմ ամբողջ մտավոր կարողությունները, իմ կապերը, իմ ստեղծածը: Անելու եմ անաղմուկ, բայց ձեզ տեղեկացնելու եմ այդ մասին: Անելու եմ իմ ու բոլորիս երեխաների ապագայի՛ համար, որպեսզի նրանք ստանան ազգային ու որակյալ կրթություն, կարողանան իրենց պաշտպանել, բանակում ծառայել առանց փողով ազատվելու մասին մտածելու: Այս կապիտուլյացիայի դեմ պայքարելու ենք մինչև վերջին շունչը՝ ստեղծելով այնպիսի պետություն, որի քաղաքացին կլինի գրագետ, կլինի կիրթ, ուժեղ բազուկներով, պետության երկինքը պաշտպանված, հզոր բանակով, հուսալի առողջապահությամբ, արդար դատարանով ու ճկուն դիվանագիտությամբ: Բոլորս այդպիսի՛ Հայաստանում ենք ուզում ապրել, որը ոչ թե կենացային պետք է լինի, այլ՝ իրական: Այդպիսի իրականության համար պետք է համախմբել մեր մտավոր ռեսուրսը»,-ասել է նա:

Աբրահամ Գասպարյանը հայտարարել է՝ սկսում է ամբողջ աշխարհի հայության մտավոր ռեսուրսը համախմբելու գործընթաց:

«Ամբողջ աշխարհի հայության, իմ հայրենակիցների՝ դիվանագիտական, իրավական, գիտական, մշակութային ու կրթական ռեսուրսը համախմբելու եմ՝ անկուսակցական հովանոցի տակ: Ստեղծելու եմ խորհրդատվական փոքր խմբեր, նեղ մասնագիտական, որոնք կաշխատեն օր ու գիշեր՝ ունենալու մեր վաղվա Հայաստանի մտավոր ճարտարապետությունը: 21-րդ դարում խելքո՛վ ենք հաղթելու: 10 միլիոն հայ՝ պիտի նպաստի հզոր Հայաստանի ստեղծմանը: Այդ 10 միլիոնը չի համակերպվում կապիտուլյացիային: Կշտկե՛նք մեր կոտրված մեջքը: Հույսներս չենք կորցնում: Ինձ հետ թող գան այն մարդիկ, որոնց ազգային պատկանելիությունը չի որոշվում լեզվով, կրոնով, քաղաքացիությամբ, այլ՝ պարզ սկզբունքով՝ թող գա իրեն հայ համարողը…մարդիկ, որոնք գուցե հաշվապահ են աշխատում Արգենտինայի Կենտրոնական բանկում, կամ ինժեներ՝ Գերմանիայում դրոնների արտադրության գործարանում և կարող են ստեղծել մեր ապագա Հայաստանը, մարդիկ, որոնք Հայկական շահը կգերադասեն ամեն ինչից վեր: Ծրագիրն իրականացնողը մարդն է»,-ասել է նա։