գլխավոր Իրադարձային Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ Վանեցյանի ձերբակալման իրավաչափության հարցով որոշում կայացնելու

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ Վանեցյանի ձերբակալման իրավաչափության հարցով որոշում կայացնելու

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ձերբակալման իրավաչափության հարցով որոշում կայացնելու։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է նրա պաշտպան Լուսինե Սահակյանը` նշելով, որ չի կարող ասել, թե երբ այն կհրապարակվի։

Փաստաբանը տեղեկացրել է, որ ներկայացվել է նաև Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն, սակայն դատարանը, նկատի ունենալով հանգամանքը, որ արդեն իսկ սկսել էր ձերբակալման իրավաչափության հարցի քննարկումը, միջնորդությունը չի միացրել բողոքին և քննում է առանձին։

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու հատկանիշներով։ Վանեցյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Ավելի վաղ, Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Սյունիքի մարզի բնակիչ Աշոտ Մինասյանը Սիսիան քաղաքում գտնվող շինություններից մեկում ապօրինի պահել է մեծաքանակ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր: Ընդ որում, հիշատակված անձը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում և դրա ավարտից անմիջապես հետո, Հայաստանի և Արցախի Հանրապետություններում գործունեություն ծավալած կուսակցությունների ղեկավարների, հակաիշխանական հայացքներ ունեցող քաղաքական գործիչների և նրանց համախոհների հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել ապօրինի պահած զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ պետական գործչի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով ապօրինաբար վերջինին դիտավորությամբ կյանքից զրկել և ինչպես այդ կերպ, այնպես էլ Սահմանադրությամբ  չնախատեսված այլ եղանակով տիրանալ  Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին՝ քննարկելով նույնիսկ ՀՀ վարչապետին փոխարինող հավանական թեկնածուի վերաբերյալ հարցեր: Հիշատակված հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։