գլխավոր Գլխավոր ԱԻՊԾ տնօրենն այսօր ընդունել է Արցախում ԿԽՄԿ առաքելության ներկայացուցիչներին

ԱԻՊԾ տնօրենն այսօր ընդունել է Արցախում ԿԽՄԿ առաքելության ներկայացուցիչներին

ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր ընդունել է Արցախում ԿԽՄԿ առաքելության ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ԱԻՊԾ ֆեյսբուքյան էջից։

Քննարկվել են ստեղծված իրավիճակում զոհված զինծառայողների մարմինների և գերիների փոխանակման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ, անդրադարձել նաև այդ գործընթացի օպերատիվ կազմակերպմանն ուղղված աշխատանքներին:

Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ ծառայությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը համակարգում և հավաքագրում է զինծառայողների մասին տվյալներ և փոխանցում Կարմիր խաչի առաքելությանը: Միջազգային կազմակերպությունը հանդիսանում է բոլոր կողմերն իրար կապող հիմնական օղակը:

Զոհված, գերեվարված և անհետ կորած զինծառայողների մասին բոլոր տեղեկագրերը ԿԽՄԿ միջոցով փոխանցվում է բոլոր կողմերին, որից հետո սկսվում են որոնողափրկարարական աշխատանքները:

Շուշի քաղաքի մերձակայքում որոնողական աշխատանքները սկսված են: ԱԻ ծառայության ղեկավարի առաջարկով պայմանավորվածություն է ձեռք բերվել այն անհապաղ շարունակելու մյուս բնակավայրերում, որտեղ տեղի են ունեցել ռազական գործողություններ:

ԿԽՄԿ առաքելության ներկայացուցիչները հաստատել են որ Բաքվի գրասենյակը ևս շահագրգռված է զինծառայողների դիերի և գերիների օր առաջ փոխանակմանը:

Հանդիպմանը Կարեն Սարգսյանը նշել է, որ Արցախի փրկարար ծառայողները պատրաստ են կատարել ցանկացած խնդիր, իսկ ծառայությունը, որպես լիազոր մարմին, կշարունակի ակտիվ համագործակցությունը բոլոր շահագրգիռ կառույցների հետ, այդ թվում ՌԴ խաղաղապահ զորախմբի և ադրբեջանական կողմի հետ: