գլխավոր Իրադարձային Էստոնիան մտադիր է գլխավորել ԵԱՀԿ-ն

Էստոնիան մտադիր է գլխավորել ԵԱՀԿ-ն

Էստոնիայի կառավարությունը հավանություն է տվել Արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուի առաջարկին`սկսելու նախապատրաստական աշխատանքները Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահի պաշտոնում առաջադրվելու համար: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Էստոնիայի լիազորությունների ժամկետը լրանում է 2021 թվականի դեկտեմբերին: Նայելով ապագային` ԵԱՀԿ-ում Էստոնիայի նախագահությունը տրամաբանական քայլ է` ստացված փորձը կիրառելու, Էստոնիայի արտաքին քաղաքականությունն ընդլայնելու և միջազգային դիվանագիտության մեջ նոր պատասխանատու դեր ստանձնելու համար»- գերատեսչության ղեկավարի խոսքը մեջբերել է Էստոնիայի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

Ռեյնսալուի խոսքով ՝ «Էստոնիայի շահերից է բխում պահպանել և ամրապնդել անվտանգության, մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում համատեղ համաձայնեցված սկզբունքներն ու կանոնները: Էստոնիայի ընտրովի անդամակցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մեր դիվանագիտական ծառայությանը բարձր մակարդակի իրավասություն կտա բանակցային և դիվանագիտական գործընթացներում»:

Ներկայումս ԵԱՀԿ-ն ղեկավարում է Ալբանիան: Շվեդիան կազմակերպությունը կգլխավորի 2021-ին, իսկ Լեհաստանը ՝ 2022-ին: Նախագահող պետությունը որոշվում է ԵԱՀԿ մասնակից պետությունների կոնսենսուսով:

Կառավարության որոշման համաձայն, Էստոնիան կսկսի նախապատրաստվել հանրապետությանը որպես ԵԱՀԿ նախագահի թեկնածու առաջադրմանը և խորհրդակցություններ կանցկացնի այլ երկրների հետ: Արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է, անհրաժեշտության դեպքում, այլ նախարարությունների ներգրավմամբ սկսել ԵԱՀԿ նախագահության հետ կապված միջոցառումների պլանավորումը և անցկացումը:

ԵԱՀԿ-ում ներառված է 57 պետություն, կազմակերպության քարտուղարությունը գտնվում է Վիեննայում: Էստոնիան ԵԱՀԿ անդամ է դարձել 1991 թվականին: Այս երկիրը դեռ չի նախագահել ԵԱՀԿ-ում: