գլխավոր Իրադարձային Թրամփը կոչ է արել դադարեցնել ձայների վերահաշվարկը Ջորջիա նահանգում

Թրամփը կոչ է արել դադարեցնել ձայների վերահաշվարկը Ջորջիա նահանգում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել դադարեցնել նոյեմբերի 3-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ձայների վերահաշվարկը Ջորջիա նահանգում, քանի դեռ չի սկսվել ստորագրությունների ստուգումը:

«Մեխանիկական վերահաշվարկը, որը տեղի է ունենում Ջորջիայում, ժամանակի կորուստ է: Չեղարկեք վերահաշվարկը, մինչև թույլ տան ստուգել ստորագրությունները: Թույլ մի տվեք ձախ ծայրահեղական դեմոկրատներին խլել ընտրություններում հաղթանակը»,-գրել է Թրամփը իր թվիթերյան էջում:

Միևնույն ժամանակ նրա թվիթը ուղեկցվում է գրառմամբ. «Ընտրակեղծիքների մասին այս հայտարարությունը վիճարկվում է»:

Ավելի վաղ Ջորջիայի պետքարտուղար Բրեդ Ռաֆենսպերգերը հայտարարել էր նախագահական ընտրություններում մեխանիկական վերահաշվարկի հնարավորության մասին:

Իր հաղթանակի մասին հայտարարած Ջո Բայդենի և ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի ձայների տարբերությունը Ջորջիայում չի գերազանցում 15 հազարը մոտ 5 միլիոն ձայներից: Նահանգը հաղթողին կտա 16 ընտրական ձայն: Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ եթե Թրամփը հաղթի Ջորջիայում, միևնույն է, նա չի դառնա պետության հաջորդ ղեկավարը:

Ըստ ամերիկյան ԶԼՄ–ների՝ Բայդենը հաղթանակ է տարել Փենսիլվանիա նահանգում, ինչն ապահովում է ընտրիչների 20 ձայն: Այդպիսով, նա ստանում է 284 ձայն (ընտրվելու համար անհրաժեշտ է 270 ընտրիչի ձայն), մինչդեռ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ստացել է 213-ը:

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, չի ընդունում պարտությունը և հայտարարել է, որ ընտրությունները դեռ չեն ավարտվել։ Ավելին, նա նաև հայտարարել է, որ ձայների մեծ առավելությամբ հաղթանակ է տարել երկրի ղեկավարի ընտրություններում: