գլխավոր Գլխավոր Հադրութեցին վերադառնում է, բայց չգիտի, թե՝ ուր

Հադրութեցին վերադառնում է, բայց չգիտի, թե՝ ուր

Հադրութեցիները մնացել են շիվարած: Չգիտեն՝ ի՞նչ անել, ո՞ւր գնալ, իսկ պատկան մարմիններն այդպես էլ որևէ հստակ պատասխան կամ ուղեցույց չեն տալիս այդ մարդկանց: Հադրութի բնակիչները փաստացի ունեզրկվել են, այն Ադրբեջանի վերահսկողության տակ է, թեև մինչև վերջին օրերն էլ պաշտոնապես հայտնում էին, որ Հադրութի համար մարտեր են գնում: Բայց հադրութեցիները, որոնք անցել են այդ դժոխքի միջով, մի փոքր այլ իրականություն են պատմում:

Հադրութի բնակիչ, առայժմ Երևանում ապաստանած Վերոնիկա Սաֆարյանը մանրամասներ է պատմում, որոնք այդպես էլ տեղ չգտան պաշտոնական հաղթական տեղեկագրերում, քանի որ դրանք բնավ հաղթական չէին:

«Դեռ առաջին հրադարարից հետո (հոկտեմբերի 10, խմբ.) քաղաքում մնացած բոլոր բնակիչներին տարհանել էին: Մի քանի տարեց մարդ էր մնացել, որոնք կամ չէին ցանկացել, կամ չէին կարողացել դուրս գալ քաղաքից: Մի տարեց պապիկ կար, սկլերոզով էր տառապում ոտքն էլ կոտրած էր, ինքը տան մեջ թուրքերը տունը վառեցին»:

Վերոնիկան ու քույրը կորցրել են տունը, բիզնեսը: Նրանք զբաղվում էին օծանելիքի ու հագուստի վաճառքով: Այժմ չգիտեն՝ ինչ են անելու: Երևանում ութ հոգով ապրում են բարեկամներից մեկի տանը, վարձով բնակարան այդպես էլ չկարողացան գտնել.

«Հաճախ եղել է, որ մեզ մերժել են զուտ այն պատճառով, որ Արցախից ենք եկել: Որոշներն էլ 3 սենյականոց բնակարանում սահմանափակում էին դնում, որ պետք է ապրենք չորս հոգով, վարձն էլ՝ 150 հազար դրամ, իսկ մենք 8 հոգի էինք, երկու բնակարան վարձելու հնարավորություն էլ չկար»:

Ասում է դեռ հույս ունեն, որ Հադրութի հարցը ինչ-որ կերպ կլուծվի, մարդիկ չեն կարող անգամ գնալ իրենց ընտանիքի անդամներին թաղել, այցելել նրանց գերեզմանին: Մոտ օրերս ցանկանում են վերադառնալ Ստեփանակերտ: Հարցին, թե արդյո վտանգավոր չէ՞ հիմա այնտեղ ապրեղ, Վերոնիկայի պատասխանն ուղղակի սահմռկեցուցիչ էր.

«Նույն վտանգն այստեղ էլ կա, այնտեղ գոնե կիմանամ, որ վնասելուց թուրքն է վնասում: Հարցազրույցներ եմ տվել, միայն տեսնեք ինչեր են գրում, սպառնում: Ասում են՝ գնացեք նստեք ձեր պադվալներում, որ Փաշինյանից տուն եք ուզում, ուրեմն մեր տղերքին հետ տվեք: Ես ե՞րբ եմ ասել, որ Փաշինյանից տուն եմ ուզում»:

Հիմա իրերն են հավաքում, մինչև վերադառնան Ստեփանակերտ: Ասում են պետք է նախագահ Արմեն Սարգսյանին էլ հանդիպեն: Հույսը պահում են, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն ստորագրել դեռ այդ փաստաթղթի տակ, նրանք կողմ են Արցախի ամբողջականության պահպանմանը, իսկ Հադրութը երբեք Ադրբեջանի կազմում չի եղել: Ոչ էլ Շուշին: