գլխավոր Իրադարձային ԿԽՄԿ-ն շահագրգռված է զարգացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն ցուցաբերելու...

ԿԽՄԿ-ն շահագրգռված է զարգացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցերում

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) շահագրգռված է զարգացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցերում։ Այս մասին շաբաթ՝ նոյեմբերի 14-ին, ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում հայտնել է ԿԽՄԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռութ Հեթերինգտոնը՝ նոյեմբերի 17-ին կազմակերպության նախագահ Պետեր Մաուրերի Մոսկվա կայանալիք այցի կապակցությամբ։

«Նախագահ Պետեր Մաուրերն արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հրավերով պաշտոնական այցով կայցելի Մոսկվա։ Քննարկվող հարցերից մեկը կլինի մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ ԿԽՄԿ-ն ակնկալում է մարդասիրական տեսանկյունից անհանգստացնող մտքերի փոխանակում», – ասել է նա։

Ինչպես ընդգծել է Հեթերինգտոնը, Կարմիր Խաչն ակնկալում է հետագա համագործակցության խորացում, որպեսզի հնարավոր լինի մեղմել հակամարտության ազդեցությունը քաղաքացիական անձանց վրա և ավելի լավ հոգալ նրանց կարիքները։ Բացի այդ, ԿԽՄԿ-ում ցանկանում են քննարկել նաև հակամարտության ընթացքում ձերբակալված անձանց ու զոհերի դիերի փոխանակման գործընթացում կազմակերպության՝ որպես չոզոք միջնորդի դերի ամրապնդման գործնական ձևերը։

Պետեր Մաուրերը նոյեմբերի 17-ին կժամանի Մոսկվա, որտեղ հանդիպումներ կունենա ՌԴ ԱԳ նախարարության, Պաշտպանության նախարարության ու ԱԻ նախարարության ներկայացուցիչների հետ։ Այս մասին ուրբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Լեռնային Ղարաբաղի շրջանում հումանիտար խնդիրների լուծման հարցերով տեսակապի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։