գլխավոր Քաղաքականություն Այդ գործի միակ նպատակը մեր քաղաքական գործընթացը կասեցնելն է. Վանեցյանը ՀՔԾ-ում հարցաքննվել...

Այդ գործի միակ նպատակը մեր քաղաքական գործընթացը կասեցնելն է. Վանեցյանը ՀՔԾ-ում հարցաքննվել է որպես կասկածյալ

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր՝ նոյեմբերի 13-ին, հրավիրվել էր ՀՔԾ հարցաքննության՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու եւ անցկացնելու, ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները եւ ժամանակավոր սահմանափակումները խախտելու վերաբերյալ հարուցված քրեական գործով։

Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ հարցաքննվել է որպես կասկածյալ։

Հարցին՝ արդյոք մեղադրանք առաջադրելու մասին խոսք եղե՞լ է, Վանեցյանն ասաց՝ դեռեւս ոչ։

Անդրադառնալով հարուցված քրեական գործին՝ Վանեցյանը շեշտեց, որ գործը կեղծ է եւ նպատակն իրենց քաղաքական գործընթացը կասեցնելն է. «Ասել եմ, որ սա կեղծ գործ է։ Այդ գործի միակ նպատակը մեր քաղաքական գործընթացը կասեցնելն է։ Բայց շատ կարեւոր հանգամանք կա. մենք չենք զբաղվում քաղաքական պրոցեսներ գեներացնելով։ Բոլորս զբաղված ենք մեր հայրենիքը փրկելով, որովհետեւ մեր հայրենիքը վաճառվել է դավաճանական խմբակի կողմից»։