գլխավոր Իրադարձային Նրա մի օր, մեկ ժամ ավել մնալը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը....

Նրա մի օր, մեկ ժամ ավել մնալը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը. Շարմազանով

Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում, պատասխանելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովն ասաց.

«Մենք մեր հանդիպումների ընթացքում բազմիցս ներկայացրել ենք, որ հնարավորինս շուտ կարելի է ավարտել այս պատերազմը, հնարավորինս քիչ մարդկային ու տարածքային կորուստներով: Ամեն օրը ձգելով հասան նրան, որ ստորագրվեց կապիտուլյացիայի ակտ և կապիտուլյացիաի ակտ ստորագրող ղեկավարն իրավունք չունի ղեկավարել հայ ժողովրդին, որովհետև նա ապացուցեց իր գործով, որ ի զորու չէ բոլորի անվտանգությունն ապահովելու: Այսօր զոհասեղանին դրված է Հայաստանի ճակատագիրը, Սյունիքի ճակատագիրը: Երկուսուկես տարի դրա մասին եմ խոսում»:

«Շահարկումներ կան, թե նախկինները գալիս են: Ոչ նախկին կա, ոչ ներկա կա, ոչ էլ ապագա: Բոլորս հայ ժողովրդի մի մասնիկն ենք և այդ իշխանություններից կուշտ ենք: Մենք իշխանության չենք ձգտում, մեր պայքարը մեկն է․ մարդը, ում սխալ քայլերի արդյունքում հայ ժողովուրդը կանգնել է այս խայտառակ իրավիճակի առջև, պետք է հեռանա անցնցում, օրինական և կամավոր։ Որովհետև մենք չունենք ռեսուրս՝ Հայաստանը տանելու բախումների ու ցնցումների: Եթե ոմանց պետք են ցնցումներ ու բախումներ ապա, մեզ պետք է համերաշխ, միասնական ու ազգային Հայաստան, որտեղ կապիտուլյացիայի տակ ստորագրողներն անելիք չունեն»,- ասաց նա:

Խոսելով իր ու վարչապետի հանդիպման մասին՝ Շարմազանովը նշում է, որ տեղյակ չի եղել ստորագրված փաստաթղթի մասին, չնայած որ նշվում է, որ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը տեղյակ են եղել փաստաթղթի մասին և ասում է.

«Դա լկտի սուտ է, ինչպե՞ս է դրա մասին խոսվում, եթե ես հանդիպել եմ հոկտեմբերի 19-ին, իսկ այդ ժամանակ Շուշիի մասին խոսք չկար: Մինչև վերջին պահը վարչապետ Փաշինյանն ասում էր, որ Շուշին մեր վերահսկողության տակ է: Ընդհակառակը, մեր հանդիպումների ժամանակ մենք ենք մտահոգություն հայտնել, որ վիճակը լավ չէ և պետք է հնարավորինս արագ կանգնեցնել պատերազմը, դիմել մեր ռազմավարական դաշնակցին և հնարավորինս քիչ կորուստներով ավարտել պատերազմը: Որևէ կոնկրետ պատասխան չենք ստացել, մեզ ամեն օր պաշտոնական քարոզչությունը հայտնում էր, որ հաղթել ենք, հաղթելու ենք, առաջ ենք գնում, Գանձակն ենք ազատելու և այլն: Քարտեզներ էին ցույց տալիս, բայց փաստորեն քարտեզները շուռ տված էին ցույց տվել ժողովրդին: Մենք մեր բոլոր մտահոգություններն ասել ենք, մեր խիղճը մաքուր է: Ի՞նչ Շուշիի մասին է խոսքը եղել, ի՞նչ Հադրութը տալու մասին է խոսքը եղել որևէ փաստաթղթի մեջ: Ալիևն ու Էրդողանը չէին կարող երազել, որ Հադրութը, Շուշին, Ղազանչեցոց եկեղեցին, Թալիշն ու Մատաղիսը կլինեն իրենց տիրապետության տակ:

Անդրադառնալով քննարկվող տեսակետին որ ՀՀԿ-ն գիտեր, թե ինչ է սպասվում, այդ իսկ պատճառով էլ 2018 թվականին հանգիստ հանձնեց իշխանությունը, Շարմազանովն ասում է.

«Կներեք, որ այդպես եմ ասում, բայց այդպես ասողները գլուխները պատով են տալիս: Հանրապետական կուսակցությունը հանգիստ չի հանձնել իշխանությունը, ՀՀԿ-ն միակ ուժն է եղել, որ չի քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին»:

«Այս մարդը սպառել է երկրի ղեկավար լինելու վստահության ամբողջ պաշարը ու նա պետք է հեռանա: Նրա մի օր, մեկ ժամ ավել մնալը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը»,- վերջում շեշտեց Շարմազանովը: