գլխավոր Հասարակություն Չի կարող երկիրը ղեկավարել մի մարդ, ով շատ հանգիստ վաճառեց այդ նույն...

Չի կարող երկիրը ղեկավարել մի մարդ, ով շատ հանգիստ վաճառեց այդ նույն երկիրը․ Արցախի ԱԺ պատգամավոր

«Չի կարող երկիրը ղեկավարել մի մարդ, ով շատ հանգիստ վաճառեց այդ նույն երկիրը»,- ասել է Արցախի ԱԺ «Արդարության» խմբակցության պատգամավոր Մետաքսյա Հակոբյանը մեր թղթակցի հետ զրույցում՝ Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքի ժամանակ։

«Եթե դուք հետևում էիք Արցախի նախագահի հայտարարություններին, որտեղ նա դիմում էր արցախցիներին՝ «հետ եկեք, ով չի գալիս դավաճան է», այն դեպքում, երբ նոյեմբերի 7-ին զինված մարդիկ լցվեցին ապաստարանները և մարդկանց զենքով հանեցին դուրս, ավտոբուսներով ստիպողաբար դուրս բերեցին Ստեփանակերտից, իսկ հիմա ասում է «ով գնացել է, դավաճան է, հետ եկեք»։ Այն դեպքում, երբ 2000 կմ/ք վրա 150․000 արցախցի ինչպե՞ս է բնակվելու։

Իրենք ոչ մի բան էլ չեն տրամադրել, որովհետև պայմանը մեկն է՝ «հետ եկեք, ոչ թե հակառակը՝ գնացեք»։ Շատ քիչ քանակով մարդ կա հիմա Արցախում, ում հետ խոսացել եմ, բոլորը պատրաստվում են իրենց ունեցվածքը դուրս բերել, որովհետև որևէ մեկը չի պատրաստվում Ադրբեջանի անձնագրով ապրելու։

Մարդկանց ունեցվածքից շատ քիչ բան է մնացել, մարդիկ ովքեր անասուններ էին պահում, անասուններ արդեն չունեն, դռներն են պոկում տների, տանիքներն են պոկում։ Ես բավականին շատ ընկերներ ունեմ հենց Շահումյանի շրջանում, որ տեսել եմ, թե ինչպես են իրենք քարը քարին դնելով իրենց փոքրիկ երեխաների հետ կառուցել իրենց տները։ Հիմա պատկերացնո՞մ եք այդ մարդու էմոցիաները, ով իր սարքած տունը քանդում ու վառում է։

Երեկ Արցախի նախագահը հանդիպել է խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների հետ և 3-4 խմբակցությունների ղեկավարները առաջարկել են, որ նա հրաժարական տա։ Հետո, չգիտես ոնց է ստացվել, առաջարկ է եղել իշխող թևից՝ թող մնա Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և ստեղծվի ճգնաժամային իշխանություն։ Հետո հանդիպել է կուսակցությունների նախագահների հետ, որտեղ կուսակցություններից մեկի նախագահը ասել է, որ չի կարող Արցախը վաճառելուն համաձայնող մարդը լինել երկրի նախագահ»։

Մետաքսյա Հակոբյանից տեղեկանում ենք, որ բացի երկու կուսակցություններից, մնացածը համաձայնվել են, որ Արայիկ Հարությունյանը մնա։ Եթե Արցախի նախագահը այս պահին հրաժարական տա, գուցե ինչ որ բան հնարավոր կլինի անել և իրենք բոլորն այդ հույսով են։ «Միգուցե դա ազդակ կլինի, որ Հայաստանում ևս հասկանան, որ չի կարող երկիրը ղեկավարել մի մարդ, ով շատ հանգիստ վաճառեց այդ նույն երկիրը»,- ասել է պատգամավորը։