գլխավոր Իրադարձային Արթուր Ղազինյան․ Քաղաքական իշխանության փոփոխությունը հանգեցնելու է համաձայնագրի վերանայման

Արթուր Ղազինյան․ Քաղաքական իշխանության փոփոխությունը հանգեցնելու է համաձայնագրի վերանայման

Ազատության հրապարակում մեկնարկել է 17 կուսակցությունների հանրահավաքը։ Մեր թղթակիցը տեղում զրուցել է «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ, իրավաբան Արթուր Ղազինյանի հետ։

«Սա քաղաքական փաստաթուղթ է և այն պայմանավորված է մեկ անձով․ այն ստորագրել է մեկ անձ՝ դա Նիկոլ Փաշինյանն է և ինքն էլ անձամբ պարտավորություն է ստանձնել համաձայնագրի, հայտարարության, դա իրավական փաստաթուղթ չէ, ներառված բոլոր կետերը մինչև վերջ իրականացնելու։ Դա իր անձնական հանձնառությունն է, Հայաստանի Հանրապետությունը ոչ մի իրավական պարտավորություն չի ստանձնել այդ փաստաթղթով։

Քաղաքական իշխանության փոփոխությունը հանգեցնելու է համաձայնագրի վերանայման»։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք վտանգ չկա՞, որ քաղաքական իշխանության փոփոխությունից հետո ռազմական գործողությունները վերսկսվեն, Ղազինյանն ասաց․

«Ոչ, չկա, որովհետև տեղում արդեն գտնվում են Ռուսաստանի խաղաղապահ ուժերը, որոնք երաշխավորելու են խաղաղությունը։ Մենք դա հաշվարկում էինք։

Ցանկացած վտանգի առկայության դեպքում մենք անմիջապես կդադարեցնենք այս հանրահավաքային պրոցեսը և կմեկնենք առաջին գիծ՝ բոլորի հետ միասին պայքարելու հայրենիքի համար»։

Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, Ղազինյանի խոսքով՝ նրանք ունեն քայլերի հաջորդականություն։

«Անշուշտ կա։ Պետք է սկսել իրական ռազմական դիվանագիտություն»,- ասաց նա՝ նշելով, որ մանրամասնել չի կարելի, որովհետև «դրանք կոմպլեքս միջոցառումներ են, որոնք ենթադրում են և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականության տոտալ վերանայում՝ իդեալների, արժեքների, սկզբունքների, կոնցեպտների․․․»։

«Միայն այն հանգամանքը, որ այս համաձայնագիրը, այս հայտարարությունը ուղիղ քաղաքական նշանակություն ունի և քաղաքական իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, հանձն է առել ավարտին հասցնել այս պրոցեսը՝ զորքերի դուրսբերման, տարածքները նրանց հանձնելու, դա կասեցնելու միակ տարբերակը քաղաքական իշխանության փոփոխությունն է, որից հետո կսկսվի տրամագծորեն հակառակ գործընթաց»,-եզրափակեց Արթուր Ղազինյանը։