գլխավոր Քաղաքականություն Ռուսաստանը ոչ միայն չի լքել Հայաստանին ու հայերին, այլև բոլոր ուժերը գործադրել...

Ռուսաստանը ոչ միայն չի լքել Հայաստանին ու հայերին, այլև բոլոր ուժերը գործադրել է այդ իրավիճակի կարգավորման համար․ Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել է ԶԼՄ-ների և բոլոր նրանց հրապարակումները, որոնք կարծում են, թե Ռուսաստանը Ղարաբաղյան հակամարտության ընթացքում լքել է իր դաշնակից Հայաստանին, հայտնում է armeniasputnik․am-ը։

Զախարովան ճեպազրույցի ժամանակ ասել է, որ կարդացել է ոչ միայն արտասահմանյան, այլև ռուսական մամուլի հրապարակումներն այն մասին, թե ով է հաղթել, ով պարտվել այս իրավիճակում:

«Յուրաքանչյուր տարբերակը հակասում է նախորդին։ Ինչի՞ մասին է դա խոսում։ Գուցե այն մասին, որ փորձագիտական գնահատականներն են թույլ, հնարավոր է` խորությամբ չեն հասկանում այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել նախկինում և որոնք տեղի են ունենում հիմա, երեք պետությունների ղեկավարների ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարության հեռանկարներն ու նպատակները»,– նշել է նա։

Ըստ ԱԳՆ ներկայացուցչի` Ռուսաստանը ոչ միայն չի լքել Հայաստանին ու հայերին, այլև բոլոր ուժերը գործադրել է այդ իրավիճակի կարգավորման համար, սկզբում` քաղաքական` դրա համար օգտագործելով դիվանագիտությունը, միջազգային իրավունքը, բանակցային գործընթացը, իսկ հետո արդեն հակամարտության գոտի ուղարկելով իր խաղաղապահներին:

Զախարովան կարծում է, որ բոլոր նրանք, ովքեր այսօր թերթերում ու հեռուստատեսային հաղորդումներում բղավում են միմյանց վրա, պետք է հիշեն, որ տարածաշրջանի և նրա բնակիչների անվտանգությունը, խաղաղությունն ու ապագան ապահովում են ռուս խաղաղապահները։

«Սա ոչ միայն քաղաքական հայտարարություն է, ոչ միայն սեփական դիրքորոշումը պահելու հնարավորություն, այլև խաղաղապահներ ուղարկելու որոշում։ Մեծ հաշվով` աննախադեպ որոշում, և երբեմն տպավորություն եմ ստանում, որ շատերը չեն գիտակցում ընդունված որոշման մասշտաբները», — հավելել է նա։