գլխավոր Քաղաքականություն Գիշերը 10-ից ավելի մարդ, այդ թվում պատգամավորներ Հակոբ Սիմիդյանն ու Հայկ Սարգսյանը...

Գիշերը 10-ից ավելի մարդ, այդ թվում պատգամավորներ Հակոբ Սիմիդյանն ու Հայկ Սարգսյանը մեքենաներով հավաքվել են իմ տան մոտ, զանգահարել եմ ոստիկանություն. Վարդան Աթաբեկյան․ Armdaily.am

Երեկ մամուլում լուրեր էին տարածվել, որ անհայտ անձինք գնացել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանի Պտղնիում գտնվող առանձնատուն։ Պատճառը թերևս պատգամավորի հայտարարությունն է․ նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ’ դուրս է գալիս խմբակցությունից և այսուհետ գործելու է որպես անկախ պատգամավոր։

«Գիշերը մարդիկ են մեքենայով մոտեցել, ես տանը չեմ եղել, տանը եղել են իմ մտերիմները։ Տարօրինակ պահվածք են ցուցաբերել գիշերը ժամը 1-ին 5 մեքենայով դարպասի դեմը հավաքվելով ու թաքուն ներս նայելով։ Ոստիկանություն եմ զանգահարել։ Ոստիկանությունը եկել է, իմ մտերիմներին հանձնարարել եմ, տեսախցիկներով կարող եմ իմ առանձնատանը հետևել, որ դուռը բացեն, բացել են, պարզվել է տասից ավելի մարդ է եղել, որոնց մեջ մեր խմբակցությունից Սիմիդյանն Հակոբն ու Սարգսյան Հայկն են, ուզեցել են ինձ տեսնել, ասել են, որ տեղում չեմ, պետք լինի՝ վաղը զանգահարեք, տեսեք։ Ինչի համար էին եկել, ճիշտն ասած՝ չեմ իմացել մինչև հիմա։ Հետո թողել, գնացել են»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է Վարդան Աթաբեկյանը։

Հարցին՝ սպառնալիքներ հնչեցրել են, պատգամավորը նշել է, որ այդպիսի բան չի եղել. «Որևէ սպառնալիք չեն հնչեցրել, համենայնդեպս ես էստեղ չեմ եղել, իմ հարազատներին դժվար էլ ռիսկ անեին սպառնալ»։

Նա նաև նշել է, որ խմբակցությունից դուրս գալու պատճառների մասին իր ֆեյսբուքյան էջում արդեն գրել է, դրանից ավել բան այս պահին նպատակահարմար չի համարում ասել. «Դրանից ավել բան, կարծում եմ, այս փուլում պետք չի ասել, քանի որ իրադարձություններ են կատարվում, չեմ ուզենա ուրիշ իրադարձությունների տեղիք տամ և այդ միջադեպը գնա, խառնվի դրան»։