գլխավոր Գլխավոր Քանի դեռ բաց է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը. Դեպի Դադիվանք

Քանի դեռ բաց է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը. Դեպի Դադիվանք

Նոյեմբերի 9-ի գիշերվանից հետո մեկ գործողություններն են առաջ ընկնում մտքերից, մեկ մտքերը՝ գործողություններից…նստել ու մտածում եմ. «Որքան անշտապ էինք ապրում: Առանց կորցնելու վախի…: Իսկ երկու օր անց մեզ կարգելեն մուտք գործել մեր հայրենիք»:

Գնում եմ Արցախ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհն առավոտյան ծանրաբեռնված չէ: Հասնում ենք Դադիվանք, որին հարակից տարածքներում մեքենա կայանելու տեղ գտնելը դժվարացել է: Մարդիկ եկել են ուխտագնացության՝ արցունքն աչքերին, ծնկաչոք, վստահաբար, խնդրելով ու հուսալով, որ սա վերջին անգամը չէ…

Սիրտ մաշող տեսարան է: Նրանք, ովքեր կյանքի գնով օրեր շարունակ պահում էին հայրենիքը, եկել են լուսանկարելու այն…

Իսկ հայկական եկեղեցու գլխին շարունակ պտտվում են աղավնիները՝ ավետելով անգնահատելի կորուստներով ձեռք բերված խաղաղությունը:

Հետդարձի ճանապարհին հերթական տխուր տեսարաններն են, որոնք հատ առ հատ դաջվում են հիշողությանս մեջ. Քարվաճառի բնակիչները կտրում են փողոցի ծառերն ու բեռնում մեքենաները…Փրկում այն, ինչ հնարավոր է…ՈՉԻՆՉ ԹՇՆԱՄՈՒՆ:

Արցախցիները ճարահատյալ թողնում են իրենց տներն ու գնում նորը որոնելու…

Օրվա երկրորդ կեսին ևս ՀՀ տանող ճանապարհը ծանրաբեռնված չէ, իսկ երթևեկելի գոտու մյուս՝ Արցախ բերող հատվածում մեքենաների հոսքը զգալիորեն շատացել է:

Սոթքի մատույցներում ուժային կառույցների ներկայացուցիչները հատ-հատ ստուգում են Արցախից եկող մեքենաները, դրանց բեռնախցիկները:

Իսկ մենք հեռանում ենք այն մեծ հավատով, որ մի օր Ազատ Արցախը կրկին ողջունելու է ՄԵԶ:

Ստելլա Բաբլոյան