գլխավոր Իրադարձային ԱՄՆ-ը պետք է աշխատի, որ ԼՂ կարգավիճակը սահմանվի ինքնորոշման իրավունքին համապատասխան. Կոնգրեսականները`...

ԱՄՆ-ը պետք է աշխատի, որ ԼՂ կարգավիճակը սահմանվի ինքնորոշման իրավունքին համապատասխան. Կոնգրեսականները` Բայդենին

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ, կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալլոունը և Ջեքի Սփեյերը Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումների առնչությամբ նամակով դիմել են ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենին:

Կոնգրեսականներն ընդգծել են, որ Ադրբեջանի և Թուրքիայի ծանր հարձակման հետևանքով կրելով մեծաքանակ կորուստներ ու կանգնելով հազարավոր հայերի  գոյության սպառնալիքի առաջ` Հայաստանը համաձայնվել է Ռուսաստանի կողմից միջնորդված խաղաղության համաձայնագրի կնքմանը, որը թեև դադարեցրել է ռազմական գործողությունները, սակայն շատ ծանր գնով` Հայաստանի համար. Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել Լեռնային Ղարաբաղի տարածքները, Բաքվի համար ցամաքային կապ է ստեղծվելու Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով, իսկ ռուս խաղաղախահները ԼՂ-ում կանխելու են ռազմական գործողոթյունների վերսկսումը:

«Մենք ողջունում ենք խաղաղությունը, բայց խորապես մտահոգված ենք այս համաձայնագրի կտրուկ ու երկարաժամկետ հետևանքներով, որոնք չեն կարգավորում ԼՂ կարգավիճակի հարցը: Այս ողբերգական հետևանքներից հնարավոր կլիներ խուսափել, եթե ԱՄՆ-ը և միջազգային հանրությունն առավել ակտիվ գործեին, իսկ նման քայլերի բացակայությունն ավելի է նպաստել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանությանը, գործնական քայլերին ու դրանց հետևանքով արձանագրված իրողություններին: Քանի որ ստանձնում եք ԱՄՆ նախագահի պաշտոնը, Դուք հնարավորություն ունեք նոր քաղաքականություն որդեգրել տարածաշրջանում, որը կաջակցի ժողովրդավարությանը, մարդու և, մասնավորապես, ազատ ինքնորոշման իրավունքներին:

Առաջին. հավատացած ենք, որ Ձեր վարչակազմը կկասեցնի Ազատության թիվ 907 ակտն Ադրբեջանի մասով` դադարեցնելով այդ երկրին տրվող ռազմական օգնոթյունը, որը նախորդ երկու տարում գերազանցել է 100 միլիոն դոլարը: ԱՄՆ-ը չպետք է աջակցի այն երկրի ներուժի մեծացմանը, որը ռազմական ուժ է կիրառում հարևանների նկատմամբ:

Երկրորդ. ԱՄՆ-ը պետք է կրկին ներգրավվի ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններում` հակամարտության երկարաժամկետ կարգավորման նպատակով: Այս շաբաթ հաստատված զինադադարը որևէ կերպ չի կարգավորում հակամարտությունն ու չի երաշխավորում երկարաժամկետ խաղաղություն: ԱՄՆ-ը պետք է աշխատի ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը սահմանվի ինքնորոշման իրավունքին համապատասխան:

Երրորդ. Մենք պետք է արձանագրենք, որ Լեռնային Ղարաբաղի տնտեսությունը, բնակչությունն ու ենթակառուցվածքները լրջորեն վնասվել են Ադրբեջանի ռազմական հարվածների, մասնավորապես` հրթիռահրետակոծման ու արգելված զինատեսակների կիրառման հետևանքով: Մենք պետք է երաշխավորենք, որ տեղահանված հայ փախստականները կարող են վերադառնալ, և որ նրանց անվտանգության համար սպառնալիքներ չեն լինի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից:

Չորրորդ. ԱՄՆ-ը պետք է լրջորեն վերանայի իր քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ, որը, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, պարբերաբար հանդես է գալիս Միացյալ նահանգների դեմ: Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում, Կիպրոսում Թուրքիայի քաղաքականությունն ապակայունացնող է եղել: Թուրքիան, ինչպես գիտեք, արդեն փորձարկել է ռուսական С-400 ՀՕՊ համակարգերը` հակառակ ԱՄՆ օրենսդրության: Մենք ակնկալում ենք ԱՄՆ-ի քաղաքականության վերանայում Թուրքիայի հանդեպ` մեր արժեքներին և շահերին համապատասխան:

Վերջապես, ԱՄՆ-ը պետք է ձգտի ամրապնդել կապերը Հայաստանի հետ, երիտասարդ ժողովրդավարություն, որը ցնցվել է վերջին մեկ ամսվա իրադարձություններից: Խնդրում ենք, որ Ձեր վարչակազմը միջոցներ գտնի Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ»,- նշել են նամակում կոնգրեսականները: