գլխավոր Քաղաքականություն «Նիկոլ Փաշինյանը չպետք է հրաժարական տա. Նրան պետք է հեռացնի ԱԺ-ն». Արամ...

«Նիկոլ Փաշինյանը չպետք է հրաժարական տա. Նրան պետք է հեռացնի ԱԺ-ն». Արամ Օրբելյան

«Թե ինչ կատարվեց, ես կդժվարանամ գնահատել, բացի «պետական դավաճանություն» և «ժողովրդին խաբել» տերմիններն օգտագործելուց, բայց կփորձեմ իրավական վերլուծության ենթարկել այդ փաստաթուղթը»,- անդրադառնալով նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթղթին, որով հրադադարի դիմաց Հայաստանը պարտավորվում էր Ադրբեջանին հանձնել 7 շրջան, ինչպես նաև Հադրութն ու Շուշին, Հայաստանի տարածքով ցամաքային կապ ապահովել Ադրբեջանի ու Թուրքիայի միջև, ասաց «Կոնցեռն-դիալոգ» փաստաբանական ընկերության փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը:

Նրա խոսքով՝ այս փաստաթուղթը կարելի է դիտարկել միջազգային և ազգային իրավունքների տեսակետից մի քանի անկյան տակ:

«Իմ առաջին գնահատմամբ, սա միջազգային պայմանագիր է: Եվ «Միջազգային պայմանագրերի մասին» Վիեննայի կոնվենցիան, և մեր «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքը միջազգային պայմանագիրը սահմանում է հետևյալ կերպ: Միջազգային պայմանագիրը պետությունների, իրավունքների սուբյեկտների միջև պարտավորություն է գրավոր եղանակով, մեկ կամ մի քանի փաստաթղթերի միջոցով, որով կարգավորվում են միջազգային իրավունքի հարաբերությունները, այդ թվում՝ նաև զորքերի տեղակայման, տարածքների վերահսկողության հարցերը, որոնք նույնպես միջազգային իրավունքի հարցեր են»,- ասաց Արամ Օրբելյանը:

Ըստ միջազգային իրավունքի մասնագետի՝ այստեղ առաջ է գալիս երկրորդ հարցը՝ արդյո՞ք վարչապետն իրավասու էր ստորագրել այդ փաստաթուղթը, իր վրա վերցնել պարտավորություններ. պատասխանը կրկին «ոչ» է:

«Եթե փորձենք քրեադատավարական տեսանկյունից նայել, մի շարք հոդվածներով նաև իշխանության յուրացում եմ տեսնում, երբ երկրի վարչապետն իր վրա է վերցնում Ազգային ժողովի (ԱԺ) գործառույթ: Եվ դեռ չեմ խոսում պետական դավաճանության, տարածքային ամբողջականությունը խաթարելու և այլ հարցերի մասին»,- ասաց Արամ Օրբելյանը:

Փաստաբանի դիտարկմամբ՝ որևէ պետության համար հետաքրքիր չէ՝ դու իրավասո՞ւ ես ստորագրել այդ փաստաթուղթը, թե՞ ոչ, եթե տվյալ պահին դու ես եկել ստորագրելու, ուրեմն խնդիր չկա, իսկ քո երկրի ներքին խնդիրներն իրենց չեն հուզում:

«Կա մի բացառություն, երբ խախտումը ֆունդամենտալ բնույթի է, ապա այն չի կարող գործել: Այս փաստաթղթի պարագայում այն ստորագրվել է առանց վավերացման պահանջի»,- ասաց Արամ Օրբելյանը:

Նա նկատում է, որ այս փաստաթղթի երկրորդ մեկնաբանությունը, որ կարող է լինել, այն է, որ սա պետության հայտարարություն է:

Այս տեսակետից երկու տարբեր տեսանկյուններից կարող ենք այն մեկնաբանել: Գոյություն ունեն պետությունների միակողմանի ակտեր կամ հայտարարություններ՝ կրկին առանց վավերացնելու:

«Երրորդն այն է, որ սա քաղաքական հայտարարություն է մի մարդու, ում անունը ծնողները որոշել են դնել Նիկոլ, ազգանունը ստացվել է Փաշինյան»,- ասաց Արամ Օրբելյանը՝ շեշտելով, որ այս դեպքում այն պետք է դիտարկվի բացառապես քաղաքական փաստաթղթի տեսակետից և չի ունենա իրավական հետևանքներ:

Նրա համոզմամբ՝ առաջին երկու տարբերակները մեր երկրի համար առաջացնում են իրավական, մի փոքր էլ՝ քաղաքական հետևանքներ, երկրորդը՝ բացառապես քաղաքական պարտավորություններ, և եթե մենք դիտարկում ենք՝ որպես իրավական, ապա կան մի շարք փաստարկներ, որ այս պայմանագրերը չունեն վավեր ուժ, և դրանցից մեկն այն է, երբ դու քո ներպետական օրենքների ակնառու խախտումներ ես թույլ տվել:

«Երբ դու գնում-խնդրում ես ՌԴ նախագահին, որ ինչ-որ բան անի, ու դու ստորագրում ես դրա տակ, հետո գալիս-ասում ես, որ չես անելու, հետևանքն ակնհայտ քաղաքական է: Բայց լուծումը շատ պարզ է: Կա՛մ մենք համաձայն ենք այս փաստաթղթի հետ, կա՛մ համաձայն չենք: Եթե մեր ԱԺ պատգամավորները համաձայն են սրա հետ, պետք է արտահայտեն համաձայնություն կամ ոչինչ չանեն, նստեն տանը, թաքնվեն: Եթե համաձայն չեն, չեն կարող իրենց դիրքորոշումը չարտահայտել: Իսկ դա կարող է արտահայտվել բացառապես մեկ եղանակով՝ այս փաստաթղթի տակ ստորագրություն դրած անձի նկատմամբ անվստահություն հայտնելով»,- ասաց Արամ Օրբելյանը:

Արամ Օրբելյանի պնդմամբ՝ այն անձը, ով քաղաքական պարտավորություն է վերցրել ինչ-որ բան անելու, ակնհայտորեն չունի այդ լեգիտիմությունը, և հետևաբար՝ քաղաքական պարտավորությունը զրոյացվում է:

«Կարող է սկսվել կամ չսկսվել պատերազմ: Որպեսզի պատերազմ չսկսվի, պետք է հայկական կողմի շատ հստակ դիրքորոշումը լինի: Խնդիրն այն չէ, որ մենք ունենք վատ վարչապետ, մյուս կողմի վարչապետն ավելի լավը չէ, նա պակաս անհավասարակշիռ չէ: Ուզում եմ շատ հստակ լինի: Ամեն ինչ կախված է նրանից, թե ով է բանակցում, մենք ունենում ենք տոտալ հակառուսական կառավարությո՞ւն, թե՞ չենք ունենում, բայց կրկնեմ, այստեղ տեղի է ունենում ամենապարզ մանիպուլյացիան՝ հներն ուզում են գալ իշխանության: Բացում եմ 17 կուսակցությունների ցանկը, երկուսն են, որ իշխանություն են ունեցել՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն: Ու հիստերիա է սկսվում: Բայց պետք չէ շեղել, խնդիրը շատ պարզ է՝ մենք կա՛մ սա ընդունում ենք, կա՛մ չենք ընդունում: Իսկ ով կգա, էական չէ»,- նշեց Արամ Օրբելյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հստակ գիտակցի, որ ով ուզում է լինի երկրի գլուխը, նա չի կարող խաբել, խաբելուց հետո գա, «կռուտիտ լինի», սկսի հեքիաթներ պատմել ու սկսի ժողովրդի վրա հոխորտալ:

«Այն մարդը, ով Սերժ Սարգսյանին քննադատում էր մի գիշերում ԵԱՏՄ գնալու համար, առնվազն սա ստորագրելուց առաջ պետք է ասեր՝ կներեք, ես հիմար եմ եղել, չեմ հասկացել, որ երբեմն մի գիշերում կարելի է ստորագրել»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը:

Արամ Օրբելյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի: Նա չպետք է կարողանա հրաժարական տալ, նա պետք է հեռացվի ԱԺ-ի կողմից:

«Ելքերը միանշանակ այդտեղից են սկսվում: Պետք է սա ստորագրողը չլինի: Սա, ցավոք սրտի, միջազգային մեծ խաղի մաս է, և, ցավոք սրտի, սա տեղի է ունեցել ապաշնորհ կառավարման արդյունքում»,- ասաց Արամ Օրբելյանը:

Նա նշեց, որ նախ պետք է վերացվեն ռազմական դրության բոլոր գործողությունները, ապա դրվում է վարչապետի անվտահության հարց ու միանգամից հայտարարվում է վարչապետի թեկնածուի անունը:

«Չեմ ուզում քննարկել նրա անձը։ Պարզ է մի բան, որ վարչապետ պետք է լինի այն անձը, ով ունակ է ողջամտորեն բանակցել, նորմալ, իրենց սիրած բառով՝ «դուխով», գնալ, խնդրել, փորձել բանակցել: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի փորձել փոխել այս փաստաթղթի պայմանները»,- ասաց Արամ Օրբելյանը:

Խոսելով ժամկետների մասին՝ նա նշեց, որ դրանք իրականում սեղմ են ու դրանով իսկ՝ պրոբլեմատիկ:

«Ուզում եմ շատ հստակ հասկանանք, որ այս փաստաթուղթը ՀՀ հարավը կորցնելու մասին փաստաթուղթ է, ինչի արդյունքում կորցնելու ենք Հայաստանը, ու խոսքը չի գնում Մեղրիի ճանապարհի մասին: Փորձեք նայել Գորիս-Կապան ճանապարհին…»,- ասաց Արամ Օրբելյանը: