գլխավոր Քաղաքականություն Էրդողանը շարունակում է լռեցնել այլախոհ քաղաքացիներին

Էրդողանը շարունակում է լռեցնել այլախոհ քաղաքացիներին

Թուրքիայի Անթալիա քաղաքում հարցազրույցի ժամանակ իր կարծիքը հայտնած քաղաքացին՝ Իսմայիլ Դեմիրբաշը, բանտարկվել է՝ խոսքում իշխանություններին և երկրի տնտեսության ընթացքը քննադատելու համար։

Ինչպես հայտնում է թուրքական GazeteDuvar լրատվական կայքի տեղեկությունների, Իսմայիլ Դեմիրբաշը դեռևս հոկտեմբերի 23-ի հարցազրույցի ժամանակ իր խոսքում քննադատական նախադասություններ է հնչեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ընտանիքի վերաբերյալ։ Ընդամենը մեկ օր անց, ոստիկանները ներխուժել են նրա տուն և բերման ենթարկել։ Դեմիրբաշը դատական վերահսկողությամբ և երկրից չբացակայելու ստորագրությամբ ազատ արձակվելիս նշել էր, որ ցավում է երկրում ստեղծված իրավիճակի համար և շարունակելու է ասել այն, ինչ գիտի։

Մեկ ամիս անց, Դեմիրբաշը կրկին բերման է ենթարկվել՝ այս անգամ տնային կալանքի տակ մնալու որոշմամբ, երբ իր խոսքում կրկին քննադատաբար է արտահայտվել իշխանությունների մասին։ Տնային կալանքն առարկելու մտադրությամբ մեկ օր հետո Դեմիրբաշը գնացել է ոստիկանություն, որտեղ նրան կալանավորելու որոշում է կայացվել։

Իսմայիլ Դեմիրբաշի որդին՝ Մելիհ Դեմիրբաշը, հոր կալանավորման վերաբերյալ այսպես է արտահայտվել․ «Հայրս վատ բան չի արել։ Իր մտքերն արտահայտելու պատճառով շատ բաների միջով անցավ, բայց նա մեղք չի գործել։ Ցավոք, մեր երկրում մարդիկ իրենց մտքերը արտահայտելու համար բանտարկվում են»։