գլխավոր Քաղաքականություն Արմեն Ռուստամյանն ասաց, թե որն է իրենց պատկերացրած լուծումն այս պարագայում

Արմեն Ռուստամյանն ասաց, թե որն է իրենց պատկերացրած լուծումն այս պարագայում

Մատենադարանի մոտ քիչ առաջ մեկնարկած 17 կուսակցությունների հանրահավաք–երթից առաջ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց  խնդիրն այն է, որ ստեղծված իրավիճակում կարողանան լինի լավագույնս պաշտպանել մեր ազգային շահերը։

«Բայց դա հնարավոր չէ կատարել մի մարդու միջոցով, որն այդ շահերը ոտնահարել է»,–ասաց Ռուստամյանը։

Նա նշեց, որ պատմական մեծ հարված ենք ստացել ու դեռ տաք ենք, չենք զգում հետևանքները` ինչպիսին են լինելու։ Մեր պետական և ազգային ողնաշարին մեծ հարված է հասցվել։ «Առաջնահերթ խնդիրն այս իրականության մեջ` բերել մի ներկայացուցիչ, որը կարողանա իր հնարավորություններն առավելագույնն օգտագործելով մի բան անել»,–ասաց նա։ Հարցին, թե ով կարող է փոխարինել, Ռուստամյանը արձագանքեց` հայ ժողովրդի արգանդը չի չորացել, այդ անունները կգտնվեն։

«Այնքան կարևոր է այս խնդրի լուծումը, որ բոլորը պետք է իրենց ամբիցիանները մի կողմ դնեն և համաձայնեն մի անձի շուրջ, որը կարող է համախմբել մեր ազգը։ Մի վայրկյան չեմ կասկածում, որ կարող ենք գտնել այդ մարդուն, այդ անձը կամիկաձեի պես գալու է ու էս ամբողջ բեռը վերցնի իր վրա։ Սա շատ բարդ է գործ է»,–նշեց նա։

Անդրադառնալով Ռուսաստանի դերակատարման մասին հարցին` Ռուստամյանը հիշեցրեց, որ իրենք միշտ էլ ջատագով են եղել Ռուսաստանի հետ հարաբերություններին, համարել են, որ Ռուսաստանի հետ է պետք մեր ազգային պետական շահերը պաշտպանել և հիմա էլ դա պնդում են։ «Միջնորդական առաքելությանը միշտ էլ կողմ ենք եղել, որ Ռուսաստանի ուղղակի մասնակցությամբ անվտանգությունը կարողանանք ապահովել, բայց լուծումը մենք պատկերացրել ենք փաթեթի մեջ։ Դա ենթադրում է, որ այդ ամեն ինչը կատարելով` մենք ստանանք այն կարգավիճակը, որին ձգտել ենք։

Փաթեթը ենթադրում է փոխզիջում, որ մի բան էլ դու ես ստանում։ Մենք հիմա մի բան ստանո՞ւմ ենք»,–հարց բարձրացրեց Ռուստամյանը` արձագանքելով, որ այս պայմանավորվածության մեջ միայն Ադրբեջանին բավարարող լուծում կա։

ՀՅԴ–ականը նշում է, որ այս հարցի հանգուցալուծմանը իրենք պետք է հասնեն խաղաղ, անցնցում, սահմանադրական ճանապարհով։