գլխավոր Քաղաքականություն Մեղրին հանձնելու մասին լուրը բացարձակ անհեթեթություն է. Նիկոլ Փաշինյան

Մեղրին հանձնելու մասին լուրը բացարձակ անհեթեթություն է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ասել է, թե ինչո՞ւ թեկուզ այսպիսի պայմաններով զինադադարի հնարավոր չէր հասնել պատերազմի առաջին օրերին կամ գուցե մի փոքր ավելի ուշ․

«Սրա համար երկու պատճառ կար. նախ դրա համար պետք է առանց մարտի հանձնեինք յոթ շրջան, ներառյալ Շուշին եւ երկրորդը ռազմական իրադրությունն այնպիսին էր, որ մենք հույս ունեինք, որ նոր ռեսուրսների ներգրավմամբ, գերմարդկային ճիգերով կկարողանանք բեկել իրավիճակը, այդ էր պատճառը, որ ես, Արցախի նախագահը անընդհատ հանդես էինք գալիս հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվելու կոչերով, բայց նաեւ դա փորձում էինք անել այնպես, որ մեր ուղերձը հանկարծ չկոտրի, հուսահատ չանի առաջնագծում կռիվ տվող զինվորին եւ մեր ունեցած պրոբլեմների մասին հավելյալ տեղեկատվություն չտա հակառակորդին: Մենք՝ ավելի կոնկրետ Արցախի նախագահը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, Պաշտպանության բանակի հրամանատարը, ես ինքս, ՀՀ կառավարությունը, մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները եւ բնականաբար՝ առաջին հերթին կռիվ տվող մեր զինվորները, կամավորները, սպաները, գեներալները ամեն ինչ արել ենք ամեն սանտիմետրը ատամներով պահելու համար: Ու մեր զորքը կռվել է հերոսաբար: Կռվել է ոչ թե հանձնելու, այլ պահելու համար, կռվել է ոչ թե պարտվելու, այլ հաղթելու համար: Ու կռվել է գործնականում երեք բանակների դեմ, բայց ցավոք՝ ինչպես Արցախի նախագահը երեկ նշեց իր ուղերձում, մենք բավարար չափով բանակի կողքին չկարողացանք կանգնել: Կամավորական եւ զորահավաքային շարժումը, իհարկե բազմաթիվ հերոսական դրսեւորումներով, այնքան ամուր չգտնվեց, որ հնարավոր լինի առաջադրած խնդիրը լուծել, ու մենք կանգնեցինք մի իրողության առաջ, որից այլ ելք պարզապես չկար»։

Ինչ վերաբերվում է բուն փաստաթղթի բովանդակությանը, վարչապետն ասել է, որ այն իսկապես վատն է մեզ համար․ «բայց պետք չէ այն ավելի վատացնել, քան կա իրականում։ Մասնավորապես՝ լուրեր են տարածում Մեղրին հանձնելու մասին, ինչը բացարձակ անհեթեթություն է: Ընդամենը խոսք է գնում տարածաշրջանի տրանսպորտային ուղիները ապաշրջափակելու մասին, այդ թվում Ադրբեջանից դեպի Նախիջեւան, բայց սա նշանակում է, որ պետք է ապաշրջափակվեն նաեւ Երեւանից Նախիջեւանով Սյունիք տանող տրանսպորտային ուղիները, այդ թվում՝ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ինչը էական նշանակություն կարող է ունենալ մեր երկրի տնտեսության հետագա զարգացման գործում»,- ասել է վարչապետը։