գլխավոր Քաղաքականություն Ղարաբաղի հարցը ինչպես լուծված չէր, այնպես էլ լուծված չէ, և այս առումով...

Ղարաբաղի հարցը ինչպես լուծված չէր, այնպես էլ լուծված չէ, և այս առումով անելիքները դեռ առջևում են․ Նիկոլ Փաշինյան

«Շատերը հիմա նաև այսպիսի հարց են շրջանառում. իսկ ինչո՞ւ հրաժարական չտվեցի՝ այդ թուղթը չստորագրելու համար»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում։

«Որովհետեւ դա կնշանակեր դասալքություն, դա կնշանակեր հանուն զինվորի դժոխային առաքելություն կատարելու պարտավորությունը թողնել մեկ ուրիշի ուսերին, այն հույսով, որ հետո կասեին, թե վարչապետ Փաշինյանը էնքան հայրենասեր էր, որ էդ ստորացուցիչ թուղթը չստորագրեց, իսկ էս մյուսը թուլամորթ ու դավաճան գտնվեց եւ գնաց նման ամոթալի քայլի: Նաեւ այն պատճառով, որ ինչպես ասացի, որոշումները պետք է կայացվեին ժամերի ընթացքում, հակառակ դեպքում թափանիվը կարող էր պտտվել, որն այլեւս որևէ ձևով հնարավոր չէր լինի կանգնեցնել»,- ասել է վարչապետը:

«Հաջորդ հարցը, որը պարբերաբար հնչում է հետեւյալն է. իսկ այդ փաստաթղթի ստորագրումից առաջ ինչու՞ չխորհրդակցեցի ժողովրդի հետ: Շատ պարզ պատճառով. ժողովրդի հետ խոսելու ժամանակ պետք է հրապարակային անկեղծորեն ներկայացնեի օբյեկտիվ իրավիճակը, իսկ դա նշանակում է՝ իրադրության մասին մանրամասն տեղեկություններ հաղորդել նաեւ հակառակորդին, դեռ ավելին՝ մեր 25 հազար զինվորների ժամերի ընթացքում շրջափակելու մանրամասն ծրագիր ներկայացնել նրան՝ սրանից բխող բոլոր հետևանքներով»,- ասել է վարչապետը, նշելով, որ նա խոստացել է ժողովրդի հետ քննարկել Ղարաբաղի հարցի կարգավորման տարբերակները, իսկ այս փաստաթղթով ոչ թե հարցի բովանդակային լուծում նախատեսված չէ, այլ ընդամենը ռազմական գործողությունների դադար:

«Ղարաբաղի հարցը ինչպես լուծված չէր, այնպես էլ լուծված չէ, և այս առումով անելիքները դեռ առջևում են»,- ասել է վարչապետը։