գլխավոր Քաղաքականություն Եկել էր հայրենիքի ժամանակը՝ հանուն հայրենիքի ոչինչ չխնայած այդ զինվորների համար գնալ...

Եկել էր հայրենիքի ժամանակը՝ հանուն հայրենիքի ոչինչ չխնայած այդ զինվորների համար գնալ զոհողությունների․ Նիկոլ Փաշինյան

«Շատերը, ժամանակի տրամաբանության բերումով, հնարավոր է հարց հնչեցնեն, իսկ ինչո՞ւ էի ես փաստաթուղթը ստորագրելու պահին այդքան մտահոգ մեր զինվորների անվտանգությամբ եւ ինչու նույնքան մտահոգ չէի դրանից առաջ»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում։

«Խնդիրը հետևյալն է, որ ըստ էության հրամանատարի ամենակարեւոր գործառույթը կայանում է զինվորի առաջ խնդիրներ դնելը, որոնք ունեն կոնկրետ մարտավարական կամ ռազմավարական նպատակ եւ հրամանատարը այդ խնդիրներն առաջադրում է հասկանալով, որ դրանց կատարումը կարող է հանգեցնել զինվորի զոհվելուն, հանուն հայրենիքի զինվորի զոհվելուն:  

Փաստացի լինելով գերագույն հրամանատարի դերում, պատերազմի մեկնարկի առաջին օրից հենց այդպիսի խնդիրներ եմ դրել բանակի, զինված ուժերի առջեւ: Բայց երբ ստեղծվում է իրավիճակ, երբ զինվորը որեւէ կերպ չի կարող ազդել իրադարձությունների հետագա ընթացքի վրա, արդեն ոչ թե զինվորը պետք է զոհվի հանուն հայրենիքի, այլ հայրենիքը պետք է զոհաբերությունների գնա հանուն զինվորի, հրամանատարը ոչ թե զոհվելու հրաման պետք է տա զինվորին, այլ ինքը պետք է զոհվի հանուն զինվորի:

Այս գիտակցությամբ եմ ստորագրել բոլորիդ հայտնի, տխրահռչակ փաստաթուղթը եւ այդ փաստաթուղթը ստորագրելիս հասկացել եմ, որ անձամբ իմ զոհվելու հավանականությունը չափազանց մեծ է, ոչ միայն քաղաքական, այլև ֆիզիկական իմաստով, բայց 25 հազար զինվորի կյանքը ավելի կարեւոր էր, կարծում եմ նաև ձեզ համար»։

Վարչապետը նշել է, որ սպառնալիքի տակ էր հայրենիքին անմնացորդ ծառայություն մատուցած զինվորների կյանքը, ընդ որում՝ այդ զինվորները թիկունքում ստեղծվող այդ իրադրության վրա ազդելու ոչ մի հնարավորություն չունեին, թիկունքում այլեւս չկային մարտունակ այնպիսի ուժեր, որոնք իրատեսորեն կարող էին ազդել իրավիճակի վրա եւ ուրեմն՝ եկել էր հրամանատարի ժամանակը հանուն այդ զինվորների վտանգելու սեփական կյանքը՝ թե ֆիզիկական, թե քաղաքական առումով:

«Եկել էր հայրենիքի ժամանակը՝ հանուն հայրենիքի ոչինչ չխնայած այդ զինվորների համար գնալ զոհողությունների, և ես այդ թուղթը ստորագրել եմ հենց այս գիտակցությամբ:

Ընդ որում, այս իրավիճակում եւ պայմաններում հարցը արդեն ոչ թե օրերի եւ շաբաթների տիրույթ էր մտել, որտեղ կարելի էր խուսանավել, խորամանկել, այլ որոշում պետք է կայացվեր ժամերի ընթացքում, հակառակ դեպքում կարող էր սկսվել մի պրոցես, որը կավարտվեր մեր 10 հազար, 20 հազար, 25 հազար զինվորների զոհվելով կամ գերեվարությամբ»,- ասել է վարչապետը: