գլխավոր Գլխավոր Ֆրանսիան նույնպես հարցեր ունի ստորագրված փաստաթղթի հետ կապված․ Ֆրանսիայի դեսպանը՝ հադրութցի կանանց

Ֆրանսիան նույնպես հարցեր ունի ստորագրված փաստաթղթի հետ կապված․ Ֆրանսիայի դեսպանը՝ հադրութցի կանանց

Այսօր մի խումբ հադրութցի ցուցարարներ, հիմնականում կայանք և երեխաներ պաստառներով հավաքվել էին Ֆրանսիայի դեսպանատան առաջ։ Նրանք ցանկանում են պաշտպանել իրենց իրավունքները, սեփականությունն ու երազանքը։ Կանանցից մեկն ասաց, որ չեն հասցրել անգամ փաստաթղթերն ու ընտանեկան լուսանկարները վերցնել։

«Հադրութը երբեք ադրբեջանական չի եղել, Հադրութը միշտ եղել է Արցախի կազմում, մենք շատ երազանքներ ունեինք Հադրութի հետ։ Մինչև վերջին պահը հավատում էինք, որ հետ կվերցնեն։ Չեղավ»,- ասել է ցույցին մասնակից կանանցից մեկը։

Նրանք նաև նամակ էին բերել իրենց հետ, որը ցանկանում էին հանձնել դեսպան Ժոնաթան Լաքոթին։ Ֆրանսիայի դեսպանն անձամբ ընդունեց արցախցիներին ու նշեց, որ Ֆրանսիայի դեսպանատունը միշտ էլ բաց է արցախցիների համար։

«Մեր առաջնահերթությունն է, որ աջակցենք այն մարդկանց, որոնք տուժել են։ Այսօր օրվա ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպում է ունենալու Հայաստանի ներկայացուցիչների հետ։ Ինչպես ասացի՝ մենք չենք ստորագրել այդ փաստաթուղթը, բայց նախագահ Մակրոնն ասել է, որ այն ինչ կատարվել է, պետք է ներկայացնի նաեւ Հայաստանի շահը։ Մենք միշտ բաց ենք արցախցիների համար»,- դիմելով հադրութցիներին ասաց դեսպանը։

Հադրութցիները շնորհակալություն հայտնեցին դեսպանին՝ իրենց լսելու համար, եւ հույս հայտնեցին, որ Ֆրանսիան կխոչընդոտի ստորագրված փաստաթղթում տեղ գտած կետերի իրականացմանը։