գլխավոր Հասարակություն Մի քանի հազար զոհով կարող էինք հաղթել, բայց սրանից հետո ավելի շատ...

Մի քանի հազար զոհով կարող էինք հաղթել, բայց սրանից հետո ավելի շատ զոհեր ենք տալու. Հարություն Մնացականյան

Panorama.am-ը գրում է․

«Այն, որ պատերազմը վաղ թե ուշ պետք է սկսվեր, կարծես թե, ակնհայտ էր բոլորի համար, ակնհայտ էր վերջին 30 տարիներին, ակնհայտ էր 2016 թվականի ապրիլից հետո, սակայն մենք չենք պատրաստվել այդ պատերազմին այնպես, ինչպես պետք էր»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ասաց արցախցի քաղաքագետ Հարություն Մնացականյանը, ով պատերազմի առաջին օրից մասնակցել է ռամական գործողություններին։

Արայիկ Հարությունյանի մեղադրանքներն ու ադեկվատությունը

Հարություն Մնացականյանը հիշեցրեց, այսօր, երբ կարծես պատերազմն ավարտվել է, Արցախի Հանրապետության նախագահը, Հանրապետության համար մեկ պատասխանատուն, տարածքային ամբողջականության երաշխավորը ուղերձով դիմել է ժողովրդին՝ մեղադրելով նրան դավաճանության մեջ։ 

«Պատկերացնո՞ւմ եք՝ գերագույն գլխավոր հրամանատարն իր ժողովրդին մեղադրում է դավաճանության մեջ։ Կայի՞ ն արդյոք դավաճաններ մեր երկրում, ցավոք՝ բազմաթիվ։ Արդյո՞ք մենք բոլորս՝ ինձնից սկսած, արել ենք ամեն ինչ՝ մեր երկիրը պահելու համար, ոչ։ Եթե ես դեռևս ողջ եմ, իսկ Արցախը տալիս ենք, ուրեմն ոչ ոք իրավունք չունի խոսելու։ Մենք չենք տվել այն ամենը, ինչ կարող էինք։ Ոչ մեկ իրավունք չունի ասելու՝ ես արել եմ ամեն հնարավորը, ոչ մեկ։ Հիմա գերագույն գլխավոր հրամանատարը մեղադրում է իր ժողովրդին դավաճանության մեջ։ Կներեք, պարոն Հարությունյան, դուք արդեն վաղուց ադեկվատ չեք, ոչ ադեկվատ եք, ոչ իրավիճակն եք ադեկվատ ընկալում, և ոչ էլ Ձեր կայացրած որոշումներն են ադեկվատ»,- շեշտեց Հարություն Մնացականյանը։

Քաղաքագետ-կամավորի խոսքով, պատերազմի ընթացքում մի քանի անգամ շատ պարզ երևացել  է, թե ինչպես է դրսևորվում Արցախի նախագահի պատրաստակամությունը՝ ծառայելու այս երկրին.

«Ունե՞ք արդյոք անձնական հատկանիշներ՝ այս երկիրը պաշտպանելու համար, գուցե։ Շատ հաճախ եղել եք առաջնագծում, ամենաթեժ կետում, ամենապատրաստված տղաների հետ միասին, որոնք, ձեր խոսքով, հրաժարվում էին մարտական գործողություններ կատարել։ Բայց ես պետք է ասեմ հետևյալը՝ Ձեր խնդիրը ոչ թե մարտական գործողություններին մասնակցելն ու ավտոմատը ձեռքին երկիրը պաշտպանելն է, այլ Ձեր խնդիրը երկրի պաշտպանությունը կազմակերպելը, ամբողջ հայության ռեսուրսը Արցախում կենտրոնացնելն ու վերջին 15 տարիներին երկտղարի ճիշտ ղեկավարելն էր։ Ձեր նման պետական պաշտոնյա ես երբևէ չեմ տեսել՝ իր աշխատասիրությամբ, օրվա ցանկացած ժամին խնդիրը լուծելու պատրաստակամությամբ ու ընդունակությամբ։ Ես Ձեր հետ աշխատել եմ, և չեմ ուրանա դա։ Սակայն եթե վերջին 13 տարիներին դուք եք եղել պատասխանատուն, և մենք ունենք այսպիսի տնտեսություն, այպիսի բանակ, այսպիսի պետություն և այսպիսի կառավարում, ուրեմն դա Ձեր սխալն է»,- շեշտեց նա։

Թե ինչից ելնելով է ասում, որ կազմակերպման խնդիր կար Արցախում, Հարություն Մնացականյանը պատասխանեց՝ տարբեր տեղերում կային տարբեր ուժեր, որոնք չեն հասցրել մասնակցել ռեալ պատերազմական գործողություններին. կարիքի ժամանակ այդ ուժը անհրաժեշտ տեղում չի եղել։

«Կարծում եմ, որ այն պահին, երբ դուք զգացել եք, որ Արցախը ի վիճակի չեք պահելու, դուք պետք է հրաժարական տայիք…։ Կա ավելի լավ տարբերակ ռազմական գործողությունների ժամանակ, երբ հրամանատարներն են ավարտում իրենց ռազմական քաղաքական միսիան…, սակայն ես սպանություններին այդքան էլ կողմ չեմ,  ինքնասպանություններին՝ առավել ևս»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: