գլխավոր Իրադարձային ՄԱԿ-ի փորձագետները կոչ են արել ԼՂ հակամարտության գոտուց դուրս բերել բոլոր վարձկաններին

ՄԱԿ-ի փորձագետները կոչ են արել ԼՂ հակամարտության գոտուց դուրս բերել բոլոր վարձկաններին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է դուրս բերեն բոլոր վարձկաններին և այլևս չդիմեն նրանց հավաքագրմանը։ Այս մասին ասված է ՄԱԿ-ի աշխատանքային խմբի մեջ մտնող փորձագետների տարածած հայտարարությունում, գրում է tass.ru-ն։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, ՄԱԿ-ի աշխատանքային խումբը տեղյակ է «այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ օգտվել է սիրիացի գրոհայիններից»:

«Այդ գրոհայինները, ըստ ամենայնի, որպես շարժառիթ անձնական շահ են ունեցել՝ հաշվի առնելով Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող ծանր իրավիճակը»,- արձանագրել են խմբի անդամները:

Փորձագետներն ուշադրություն են դարձրել նաև այն տեղեկատվության վրա, որ «Թուրքիան մասնակցել է սիրիացիների լայնածավալ հավաքագրմանն ու Ադրբեջան տեղափոխմանը»:

Փորձագետների մոտ հատուկ անհանգստություն են առաջացրել տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանում գտնվող սիրիացի գրոհայինները կապված են «զինված խմբերի և անձանց հետ, որոնք մի շարք դեպքերում մեղադրվում են ռազմական հանցագործությունների և Սիրիայում հակամարտության ընթացքում մարդու իրավունքների լուրջ խախտումների մեջ»։