գլխավոր Իրադարձային Երկրի միակ դավաճանը Նիկոլ Փաշինյանն է. այն ղազագիրը, որը նա ստորագրեց և...

Երկրի միակ դավաճանը Նիկոլ Փաշինյանն է. այն ղազագիրը, որը նա ստորագրեց և «կզեց» թուրք-ադրբեջանական իշխանությունների դիմաց, չի կարող շարունակվել. Արթուր Վանեցյան

Ազգային անվտանգության ծառայությունում ես որպես վկա եմ հարցաքննվել 307.4 հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակում: Այս մասին ԱԱԾ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նշենք, որ 307.4 հոդվածը ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելն է:

«Քրեական գործ է հարուցվել, ես որպես վկա եմ հարցաքննվել: Երևի Արցախը հանձնելու դավաճանական պայմանագիրը ստորագրելու մասին բարձրաձայնելը և բողոքի ձայն բարձրացնելն այս իշխանությունները համարում են տեղեկատվության հրապարակման խախտում»,- նշեց Արթուր Վանեցյանը:

Հարցին, թե որն էր Արցախի հարցով եռակողմ հայտարարության տակ ստորագրելու այլընտրանքը, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Ամենաառաջինը պետք է արվեր ամեն ինչ, որպեսզի չլիներ այս պատերազմը: Ես բազմիցս նշել եմ, որ Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ և ապիկար արտաքին քաղաքականության արդյունքում մենք հասնելու ենք մի կետի, որից հետո լինելու է պատերազմ: 1.5 առաջ նաև սա նկատի ունեի»:

«Այս երկրի միակ դավաճանը Նիկոլ Փաշինյանն է և այն ղազագիրը, որը նա ստորագրեց և կզեց թուրք-ադրբեջանական իշխանությունների դիմաց, չի կարող շարունակվել: Իմ այլընտրանքը նա էր, որ եթե նորմալ կառավարվեր երկիրը, պարգևավճարներ բաժանելու փոխարեն, անիմաստ տեղը ՍՈւ-30 կործանիչներ գնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը լսեր մասնագետներին և գներ օդը պաշտպանող զենք, զինամթերք գներ և բանակը ճիշտ կառավարեր, այլ ոչ թե կառավարեր զուտ պոպուլիզմի տարրեր օգտագործելով: Մենք այսօր չէինք ունենա այս պատկերը կամ պատրաստ կլինեինք այս պատերազմին»,- ասաց Արթուր Վանեցյանը:

«Հայրենիք» կուսակցությունը և ևս 16 կուսակցություններ այսօր հանրահավաք էին նախաձեռնել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Հրաժարականից հետո ձևավորվելու է հայրենիքի փրկության կոմիտե:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո, Արցախի հարցով հայտարարության կետերը վերանայելու ինչ ձևեր կան, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Նոր բանակցող, նոր պայմաններ»:

Մեկ այլ հարցի, թե ում եք տեսնում բանակցողի դերում, «Հայրենիք» կուսակցության նախագահը նշեց. «Ցանկացած ազգային արժեքներ կրող, պետական գործչի»: