գլխավոր Իրադարձային «Շատ բան է կորցված, բայց ամեն ինչ չէ՝ ծանր հարված է, բայց...

«Շատ բան է կորցված, բայց ամեն ինչ չէ՝ ծանր հարված է, բայց մահացու չէ». Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն անդրադառնալով Արցախի կապիտուլյացիային և այն հարցին, թե դրան Արցախում ինչպե՞ս են վերաբերվում, ասաց, որ այս ամենը պետք է վերլուծվի, և պարտավոր են վերլուծելու։ Այս հարցին խորհրդականը անդրադարձել է 168.am-ի հետ զրույցի ընթացքում։

«Իհարկե, եթե-ները շատ են, կարող էինք, չէինք կարող, այս ամենը շատ է։ Կարո՞ղ էինք խուսափել այս վիճակից, պատերազմից, այո, կարող էինք, կարո՞ղ էր այլ տարբերակ լիներ, գուցե կարող էր, բայց սա արդեն այլ խնդիր է։ Եղած իրավիճակում, երբ թշնամին հասել էր Շուշի, այլ ելք ունեի՞նք, դժբախտաբար ոչ։ Եթե կարելի էր խուսափել, այլ բաներ անել, ուրեմն՝ ժամանակին պետք է անեինք, այդ իրավիճակում մենք հասել էինք օրհասական պահի։ Սակայն մեկ բան ասեմ՝ մենք չենք պարտվել թուրքին ու ադրբեջանցուն, մենք պարտվել ենք մեր ազգային հոգեբանության ամենազզվելի ու գարշելի դրսևորումներին։ Այդ դրսևորումները մեկ վայրկյանում, մեկ օրում չեն, հազարամյակներ շարունակ այն եղել է։ Բազմիցս ասել եմ, որ մեր ամենամեծ վտանգն արտաքին թշնամին չէ, մեր ներքին բնավորության այդ գծերն են, որոնք միշտ բերել են կատաստրոֆաների։ Պարզապես մենք ենք տեսնում ու առերեսվում այդ ամենի հետ, այսինքն՝ որոնք են այդ զզվելի դրսևորումները՝ էգոիզմը, իրար տակ փորելը, միմյանց դեմ պայքարելը, բաժանարար թշնամանքը, կեղտոտ անձնական շահերը հանրայինին դասելը, սրանք են այն ամենավատ բաները, որոնք բերեցին ի վերջո նրան, ինչին բերեցին»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Նա ընդգծեց, որ Հայաստանում ու Արցախում անհրաժեշտ են արմատական փոփոխություններ։

«Սակայն ես չեմ ուզում, որ դա լինի անհատների փոփոխություն, պետք է որակ, նոր աշխատանք, գաղափարների փոփոխություն պետք է լինի, եթե սահմանափակվենք միայն անհատներով, ապա սա որևէ բանի չի բերելու։ Փոփոխությունները պետք է լինեն այնպիսին, որ չվտանգեն մեր անվտանգությունը, առանց այն էլ ծանրագույն իրավիճակում հայտնված Արցախի անվտանգությունը։ Ի՞նչ տարբերություն՝ մեկը մյուսով փոխեն, եթե պետք է առաջնորդվեն նույն գաղափարներով, ջարդեն, փշրեն, միմյանց թշնամանան, ի՞նչ տարբերություն։ Պետք է լինեն հայրենասերներ, պրոֆեսիոնալներ, բարոյական տեսակետից լավ մարդիկ»,- հավելեց Դավիթ Բաբայանը։

Հարցին՝ ստեղծված իրավիճակում ելքեր կա՞ն, այնպիսի ելքեր, որոնք չվտանգեն այն, ինչն այսօր մնացել է Արցախից, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ թևակոխում են այլ էջ, պայքարը չի ավարտվել։

«Հիմա պետք է այնպես անենք, որ Արցախը մնա, արցախցիների գոնե մի մասը վերադառնա։ Այն, որ դրա մեջ կա շահագրգռվածություն աշխարհաքաղաքական տեսակետից, սա միանշանակ է, Արցախը պետք է մնա։ Երբ Արցախը մնա, նույնիսկ ամենածանր իրավիճակում, եթե դասեր քաղենք, կարողանալու է դիմակայել մարտահրավերներին։ Իրավիճակն արմատապես փոխվել է, ինչի համար է դա տեղի ունեցել, կրկնում եմ՝ պետք է ու անհրաժեշտ է վերլուծել։ Պետք է արմատական փոփոխություն անել, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ, մեղավորը մենք ենք՝ հայերս, որևէ մեկին չպետք է մեղադրել։ Ամեն ինչ պետք է անել, բայց այնպես, որ չվտանգենք առանց այն էլ արյունաքամ եղած Արցախին։ Սա գիտե՞ք ինչի է նման, որ մարդ ունենա մեկ զավակ, որը չունի քույր ու եղբայր, գնա պատերազմ ու վերադառնա առանց ոտքի, ձեռքի, աչքի, բայց հոգին, ինքը ողջ լինի։ Հիմա մենք այս վիճակում ենք, այնպես պետք է անենք, որ այս վիճակում Արցախը չմահանա։ Հետո ուժեղանալու ենք, ամեն բան շտկենք, եթե, իհարկե, ունենք լավ հասարակություն, որը միայն իշխանությունը չէ, քանի որ իշխանությունը ժողովրդի արտացոլումն է։ Մեր հասարակությունը պետք է վերանայի իր մոտեցումները, մեկը մյուսի հետ համերաշխ։ Պետք է պայքարենք, պետք է մնանք Արցախում»,- շեշտեց նա։

Հաջորդ հարցին՝ որքանո՞վ է իրատեսական, որ արցախցին կարող է անվտանգ լինել Արցախում, երբ մի քանի կիլոմետր այն կողմ ադրբեջանցին է ապրում, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ ռազմաճակատի կոնֆիգուրացիան փոխվել է։

«Այո, նրանք այնտեղ են, մենք՝ այստեղ, ավելի ծանր վիճակում ենք, բայց այդ ծանր վիճակում, եթե դասեր քաղենք, համախմբված լինենք, մանավանդ, որ ռուս խաղաղապահները կանգնելու ենք ճակատի երկայնքով… Այսինքն՝ այնպես չէ, էլի, որ ամեն ինչ կորցրած է, այո շատ բան է կորցված, բայց ամեն ինչ չէ, ծանր հարված է, բայց մահացու չէ, և այնպես պետք է անենք, որ այդ հարվածը մահացու չդառնա։ Կրկին ասեմ՝ այլ երկրներում մեղավորներ չփնտրել, մենք ճակատագրի տերն ենք, ինչ լինում է մեզ հետ, հիմնական պատասխանատուն մենք ենք, մեր ժողովուրդը՝ հավաքական իմաստով: Ադրբեջանն ու Թուրքիան թող չմտածեն, որ ամեն ինչ այսպես ավարտվելու է, ոչ մի բան ավարտված չէ։ Մենք պետք է հասկանանք, որ իրավիճակն այնպիսին է, որ մենք պետք է այս պահի դրությամբ այնպես անենք, որ Արցախը մնա, մնացածը երկրորդական է, երրորդական։ Սա արհավիրք է, արհավիրք»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը։

Զրույցի ավարտին Դավիթ Բաբայանը նաև ասաց, որ այս պահին գտնվում է Արցախում՝ Ստեփանակերտում, և շարունակելու է ապրել այնտեղ, և ըստ նրա՝ ժամանակը ցույց կտա, թե ինչպես են ապրելու ու շենացնելու Արցախը։