գլխավոր Իրադարձային Պետք է խուսափել ապակայունացումից. Զատուլինը՝ ՀՀ–ում իշխանափոխության հնարավորության մասին

Պետք է խուսափել ապակայունացումից. Զատուլինը՝ ՀՀ–ում իշխանափոխության հնարավորության մասին

Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Հայաստանը պետք է խուսափի լուրջ ապակայունացումից, եթե անգամ երկրում ղեկավարության փոփոխություն տեղի ունենա։

«Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության վերաբերյալ քննադատական կարծիքները, որոնք մինչ այժմ բնակչության լայն զանգվածների մոտ արձագանք չեն գտել, այս պահին հնչեղություն են ստացել»,- ասաց Զատուլինը:

Նրա խոսքով՝ պարզ դարձավ, որ Փաշինյանի օրոք Հայաստանը, հայերը ռազմական պարտություն կրեցին Լեռնային Ղարաբաղի համար պայքարում։

Համաձայնագրում նշված պայմանները պարտադրված են Հայաստանի համար։ Շատերի կարծիքով` դրանք այդպիսին են դարձել, որովհետև բավականաչափ ուշադրություն չի դարձվել պաշտպանությանն ու անվտանգությանը, թուլացել են Ռուսաստանի հետ կապերը, թուլացել է վստահությունը երկու երկրների ղեկավարությունների միջև։

Ադրբեջանը շտապեց օգտվել դրանից. հենց դրա վրա էլ խաղադրույք արեց հակամարտության ապասառեցման առաջին օրերից։

«Ես չեմ ուզում գնահատել` Փաշինյանի կողմից այդ փաստաթղթում արված զիջումները արդար են, թե ոչ։ Այդ փաստաթուղթն իրականում շատ ծանր պայմաններ է սահմանում հայերի համար, հատկապես, երբ գործը վերաբերում է Լաչինի, Քելբաջարի շրջաններին, Շուշիին։ Եվ Հայաստանում շատերն են այն ծայրահեղ բացասաբար ընդունում», – նշեց Զատուլինը։

Թեև, ըստ նրա, չի բացառվում, որ ստեղծված իրավիճակում հայերն ու Հայաստանը այլ ելք չունեին։

Այս ամենը Փաշինյանի նկատմամբ հետաձգված և նոր հավակնությունների հետ միասին կարող է իշխանափոխության հանգեցնել։ Թե ինչպես դա տեղի կունենա, դժվար է կանխատեսել։ Դա Հայաստանի ներքին գործն է, բայց հայ ժողովուրդն ինչ-որ հետևություններ անելու իրավունք ունի։

«Միայն թե կցանկանայի զգուշացնել լայնածավալ ապակայունացումից։ Կուզեի հուսալ, որ Փաշինյանը նույնքան կառչած չէ իշխանությունից, որքան իր նախորդը, որը բախվելով զանգվածային դժգոհություններին` բավականաչափ քաջություն գտավ իշխանությունից հրաժարվելու համար», – նշեց Զատուլինը։

Նրա խոսքով` դժվար է ասել, թե այս պահին բնակչության քանի տոկոսը չի վստահում կառավարությանը, բայց Հայաստանի համախմբման համար, ամենայն հավանականությամբ, այլ ֆիգուրներ են պետք։

«Հայաստանին բարօրություն եմ մաղթում, ուզում եմ, որ հնարավորինս արագ լուծվեն ներքին խնդիրները, կարողանան վերականգնել միասնությունը։ Իսկ տեղի ունեցածի վերաբերյալ եզրակացությունները տարբեր կլինեն», – եզրափակեց Զատուլինը։