գլխավոր Իրադարձային Դավիթ Տոնոյանն ընդունել է ռուս խաղաղապահների հրամանատարին

Դավիթ Տոնոյանն ընդունել է ռուս խաղաղապահների հրամանատարին

Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ խաղաղապահ զորախմբի արագ կազմավորման և առաքելության ձևավորման համար, պատրաստակամություն հայտնել համակողմանի աջակցություն ցուցաբերել առաքելության ընթացքում:

«Հանդիպման ժամանակ քննարկվել են խաղաղապահ ստորաբաժանման կողմից առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր»,- ասված է կայքում։

Արցախում ու արցախա-ադրբեջանական շփման գծում ռուս խաղաղապահներ տեղակայելու վերաբերյալ կետն ընդգրկված էր նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ։

Մուրադով Ռուստամ Ուսմանովի․ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի տեղակալ:

2016թ․ – Ռուսաստանի ներկայացուցիչը Դոնբասում հրադադարի պահպանման խնդիրների կարգավորման և կողմերի սահմանազատման գծի կայունացման ռուս-ուկրաինական համատեղ կենտրոնում:

2017թ․ – Սիրիայում ռազմական խորհրդական։ Պարգևատրվել է Ռուսաստանի հերոսի կոչումով։

2017-ի դեկտեմբերից զբաղեցրել է Կենտրոնական ռազմական շրջանի 2-րդ գվարդիայի հրամանատարի պաշտոնը։