գլխավոր Քաղաքականություն Պատերազմը կանգնեցնելն այդ պահի դրությամբ ճիշտ էր, բայց․․․ Սեյրան Օհանյան

Պատերազմը կանգնեցնելն այդ պահի դրությամբ ճիշտ էր, բայց․․․ Սեյրան Օհանյան

Զինված ուժերի ղեկավարության առաջարկով պատերազմը կանգնեցնելն այդ պահի դրությամբ ճիշտ էր: 168.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ և ԱՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։

«Բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծված տարածաշրջանում Հայաստանի և Արցախի շուրջ, ու պատերազմը կանգնեցնելն այդ պահի դրությամբ ճիշտ էր։ Բայց այն, որ այս ամենը խոսում է նրա մասին, որ ոչ թե բանակը, այլ պետությունն է պարտվել, և շատ վատ փաստաթուղթ է հայ ժողովրդի առաջ դրված, դա միանշանակ է, և դրա պատասխանատվությունը պետք է կրի այսօրվա իշխանությունը: Պատասխանատվության չափն էլ թող որոշի ժողովուրդը»,- ասաց Օհանյանը։

Հարցին, թե ի՞նչ ելքեր է տեսնում, ինչ-որ բան հնարավո՞ր է փոխել` Օհանյանը պատասխանել է, որ ցանկացած իրավիճակում կազմակերպված պետական կառավարման գործունեությունը միակ ճանապարհն է դժվար իրավիճակից դուրս գալու համար:

Անդրադառնալով քաղաքական 17 ուժերի՝ Ազատության հրապարակում կազմակերպած հանրահավաքին՝ ՊՆ նախկին նախարարն ասել է` ժողովուրդը բացատրություն է պահանջում, և գործող իշխանությունները, քանի որ մենք նաև պառլամենտական երկիր ենք, ԱԺ-ն պետք է ժողովրդին այդ բացատրությունը տա:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրերից Սեյրան Օհանյանը մեկնել էր Արցախ, որտեղ մասնակցել էր Շուշիի ինքնապաշտպանության կազմակերպման մարտավարության մշակմանը։