գլխավոր Իրադարձային ՌԱԿ-ը կոչ է անում պահպանել ազգային խոհեմությունը և չտարվել միասնականությունը ջլատող կոչերով

ՌԱԿ-ը կոչ է անում պահպանել ազգային խոհեմությունը և չտարվել միասնականությունը ջլատող կոչերով

Ռամկավար Ազատական կուսակցությունը համայն հայության կոչ է անում պահպանել ազգային խոհեմությունը և չտարվել միասնականությունը ջլատող կոչերով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կուսակցության կենտրոնական վարչությունն այս մասին հայտարարություն է տարածել.

«Քառասունչորսօրյա աննախադեպ և անհավասար պատերազմի վերջալույսին հաղթական դուրս եկավ խիզախ հայ զինվորը, կամավորը, աշխարհազորը, սակայն ցավոտ և անասելի պարտություն կրեց համայն հայությունը, Արցախը ու Հայաստան աշխարհը։

Առաջին հերթին խոնարհվում ենք և խորապէ՛ս  սգում հանուն հայրենիքի զոհված մեր նահատակ զինվորների համար, ողբալով լուսավոր սերունդի ծանր կորուստը և մեր խորին ցաւակցություններն ենք  հայտնում նրանց սգակիր ծնողներին և ընտանիքներին։ Հարգանքի եւ երախտագիտության մեր խոնարհումն ենք հայտնում յուրաքանչյուր հայ զինվորին, որ հսկայական սխրանքներով և անձնուրաց հայրենասիրութեամբ կարողացավ դիմադրել անհամեմատ ավելի սպառազինված թշնամուն: 

Խոր կսկիծով հավատում ենք, որ պատերազմի տխուր ավարտին՝ նոյեմբեր 9-ին ստորագրված զինադադարի փաստաթուղթը ընդգծում  և արտահայտում է պատերազմի ընթացքն ու արդյունքը, այլ ոչ անպայման՝ ստորագրողի փափագը կամ ամբողջական պատասխանատվությունը։ 

Համոզված ենք, որ այդ քայլը պարտադրված է եղել, հետևելով ռազմադաշտի իրականության, ինչպես նաև փաստացի կորուստների լրջության։ Հստակ է հայրենի իշխանության համար այլ տարբերակ գոյություն չուներ։

Հայ ժողովրդի համար այժմ իրական փորձությունը ինքն իր զայրույթից պաշտպանելն է, որ կարող է հանգեցնել համապետական ամբողջական անկումի։ 

Մեր ունեցած դառն հանձնառությունը այսօր մնացածը արժանապատիվ կերպով փրկելն ու փոխանցելն է՝ գալիք սերնդին, ազգային շարունակականության մտադրությամբ։

Հայ ժողովուրդի պատմության մեջ օրհասական պահեր շատ են եղել և այդ պատմության դասերից  պետք է գիտակցենք, որ մեր հայրենիքի համար փորձության այս պահուն միակ ճիշտ կողմնորոշումը զգույշ և համախմբված մնալն է: 

Պահը ճգնաժամային է: Ուստի, կորուստի այս մոլեգնությունը խելամտորեն հաղթահարելու անդառնալի կործանումից  խուսափելու համար, Ռամկավար Ազատական կուսակցությունը համայն հայությանը կոչ է անում պահպանել ազգային խոհեմությունը:

Համոզված լինելով, որ ներքին պառակտումը ուղղակիորեն վնասում է մեր պետության եւ հայրենիքի պահպանմանը, մանավանդ հիմա համայն հայ ժողովրդին հորդորում ենք չտարվել միասնականությունը ջլատող կոչերով, պահպանել ներքին խաղաղությունը եւ համախմբվել բացառապես հայրենիք-պետություն բացարձակ արժեքի շուրջ, հանուն հայ ժողովուրդի գոյատևման»,- ասված է հայտարարության մեջ: