գլխավոր Քաղաքականություն Աշխարհը պետք է իմանա, որ բոլոր պայմաններում էլ Արցախը մե՛րն է. Արամ...

Աշխարհը պետք է իմանա, որ բոլոր պայմաններում էլ Արցախը մե՛րն է. Արամ Ա

Աշխարհը պետք է իմանա, որ բոլոր պայմաններում էլ Արցախը մե՛րն է ու մե՛րը պիտի մնա այսօր և հավիտյան։ Facebook սոցցանցի իր պաշտոնական էջում նման գրառում է արել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը` անդրադառնալով արցախյան պատերազմի դադարեցման վերաբերյալ որոշմանը։

«Որքան էլ անխուսափելի լինեն պարտադրված համաձայնությունները, ժողովրդիդրանք մերժելը բնական է և արդար»,–գրել է նա։ Արամ Ա-ի խոսքով այս ճակատագրական օրերին մեզնից պահանջվում է միակամ և խոհեմ լինել` հեռու մնալով ներքին միասնականությունը ջլատող արտահայտություններից ու քայլերից։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել: Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։