գլխավոր Իրադարձային Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե հիմա տարածաշրջանում խաղաղություն է տիրելու, կամ...

Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե հիմա տարածաշրջանում խաղաղություն է տիրելու, կամ հիմար է, կամ կեղծավոր, կամ սադրիչ. ռուս փորձագետ

Ազգային անվտանգության հարցերով փորձագետ գնդապետ Ալեքսանդր Ժիլինը հատուկ «Военкор Котенок» ալիքի համար խոսել է Արցախյան հակամարտության մասին.

«Կատարվածի վերաբերյալ իմ անձնական կարծիքն այսպիսին է: Անդրկովկասում (առայժմ միայն Անդրկովկասում) հաղթեց Ռեջեփ Թայիփ Էրդողանը, «Քաղաքականությունը հնարավորի արվեստն է» բանաձևի այսօրվա ամենաընդունակ, ամենավճռական ու ամենաարդյունավետ քաղաքական գործիչը: Կապիտուլյացիան, իսկ սա դասական կապիտուլյացիա է, կնքվել է նրա պայմաններով ու այս պահին ամբողջովին համապատասխանում է Թուրքիայի ռազմավարական շահերին:

Իլհամ Ալիևը, որը սկսեց համագործակցել Էրդողանի հետ այն պայմանով, որ Ադրբեջանն այսուհետ Թուրքիայի ռեսուրսն է, նշանակալի ամրապնդեց իր դիրքերը երկրի ներսում, քանի որ հայրենակիցների աչքերում նա հաղթող է:

Հայ ժողովուրդը, անխոս, բարոյապես հաղթող է համարվում, քանզի անձնվիրաբար, չխնայելով իրեն, պայքարեց իր բնակելի տարածքի համար: Ժողովուրդն ազատության ձգտման ու անկախության համար վճարեց մեծ քանակությամբ արյամբ ու իր լավագույն որդիների ու դուստրերի կյանքի գնով, բայց թիկունքից հարված ստացավ սորոսային խամաճիկի կողմից:

Այս դժվար պահին ես մնում եմ հզոր հայ ազգի հետ:

Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե հիմա տարածաշրջանում խաղաղություն է տիրելու, կամ հիմար է, կամ կեղծավոր, կամ սադրիչ: Հայաստանը ուժեր կկուտակի ռևանշի համար ու, անխոս, կնպատակադրվի վերադարձնել իր հողերը:

Ռուսաստանը, հերթական անգամ կուլ տալով բարոյական լրջագույն նվաստացումը, չպատասխանելով նույնիսկ խփված ռազմական ուղղաթիռին ու օդաչուների մահվանը, հեղինակությանն ամենածանր հարված հասցնող պարտությունը կրեց Էրդողանից՝ կնքելով մի փաստաթուղթ, որի մասին էլ խոսվում է, հիմնված հենց Էրդողանի պայմանների վրա: Ոչ հեռու ապագայում դա նրա համար կարող է ողբերգական հետևանքներ ունենալ, դառնալ ողջ Կովկասը և ոչ միայն այն կորցնելու սպառնալիք: Ռուսաստանի համար ոչ մի դաշնակից չի մնացել՝ նույնիսկ հիպոթետիկ:

ՀԱՊԿ-ը լիովին զրոյացված է ու վերածվել է ռազմաքաղաքական աղբի:

Հաջորդ հարվածը Ռուսաստանի հեղինակությանը՝ որպես տերություն, որն ունակ է պաշտպանել իր առաջնահերթությունները ավանդական ազգային շահերի գոտիներում, կհասցվի Դոնբասում Կիևի կողմից՝ Անկարայի բարոյական ու ռազմական գաղտնի աջակցությամբ: Եթե Դոնբասում էլ Ռուսաստանը զիջի դիրքերը, մյուս նպատակը Ղրիմն է:

Այսպիսին են դեռևս միայն Անդրկովկասում Ռուսաստանի դեմ պատերազմի առաջին փուլի արդյունքները…»: