գլխավոր Գլխավոր Սամվել Բաբայանը հրաժարվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից և դադարեցրել ԱՀ ԱԽ...

Սամվել Բաբայանը հրաժարվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից և դադարեցրել ԱՀ ԱԽ քարտուղարի լիազորությունները

Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը Ֆեյսբուքի իր էջում նոր գրառում է կատարել ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ հայտարարելով նաև, որ հրաժարվում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից:

«Հարգելի’ հայրենակիցներ,

Արցախը հայոց պետականության կենտրոնն է, հայկականության խորհրդանիշը և մենք պարտավոր էինք պահել հայի արժանապատվությունը։

Այս գիտակցությամբ մենք ապրել ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում, հանուն հողի և այդ հողում արժանապատիվ ապրելու իրավունքի զոհել հազարավոր կյանքեր, կրել զրկանքներ։

Այսօր, երբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ղեկավարները միանձնյա դավադիր որոշմամբ և գրչի մեկ հարվածով կասկածի տակ են դրել հայկականության գոյությունը, մեր փոխարեն որոշել մեր լինել-չլինելը և ապա մերկապարանոց ստեր են ճառում արձանագրված իրողությունների մասին, հարց է ծագում’ ո՞վ է ձեզ լիազորել ժողովրդավարական երկրում առանց ժողովրդի համաձայնության, առանց նրա կողմից ընտրված մարմինների հետ խորհրդակցելու հանձնել մեզ։

Ի պատասխան և ի բողոքումն այս հանցավոր գործողությունների’ հայտարարում եմ, որ

– հրաժարվում եմ «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից,

– դադարեցնում եմ իմ’ որպես Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունները»,- գրել է Բաբայանը: