գլխավոր Իրադարձային Ադրբեջանի կողմից ՀՀ օդային տարածքում ռուսական ուղղաթիռ խոցելը հարձակում է թե ՀՀ,...

Ադրբեջանի կողմից ՀՀ օդային տարածքում ռուսական ուղղաթիռ խոցելը հարձակում է թե ՀՀ, և թե ՌԴ վրա. Վաղարշակ Հարությունյան

Ադրբեջանի հակաօդային ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության  սուվերեն տարածքում՝ երկրի դաշնակցի՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-24 ուղղաթիռ խոցելը ակնհայտ ագրեսիա է և հարձակում է թե Հայաստանի, և թե Ռուսաստանի վրա: Արմենպրեսի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը:

«Ադրբեջանի Հանրապետությունը ակնհայտ տեսնում էր, որ ուղղաթիռը թռնում է Հայաստանի տարածքով և ակնհայտ է, որ իրենից վտանգ չի ներկայացրել: Չնայած այդ հանգամանքին, իրենք օգտագործել են հակաօդային պաշտպանության միջոց և խոցել են ուղղաթիռը:

Մյուս կողմից, խոցվել է ռուսական 102-րդ բազայի ուղղաթիռը, իսկ հարձակումը ուղղաթիռների, օդանավերի վրա համարվում է հարձակում տվյալ պետության՝ Ռուսաստանի վրա: Այնպես որ, այստեղ  կոպիտ խախտվել է երկու միջազգային օրենք»,- ընդգծեց Հարությունյանը:

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը անհրաժեշտ է համարում նաև ուսումնասիրել Հայաստանի դաշնակցի ուղղաթիռի վրա հարձակմանը նաև Թուրքիայի անթաքույց մասնակցությունը, քանի որ ուղղաթիռը խոցվել է Նախիջևանից, իսկ այն գտնվում է Թուրքիայի վերահսկողության տակ:

«Ակնհայտ է, որ ուղղաթիռի թռիչքի բնույթը և ուղղությունը չէր կարող ադրբեջանա-թուրքական կողմի համար ընդունվել որպես սպառնալիք և այս առումով որևէ փաստարկ ընդունելի չէ»,- եզրափակեց Հարությունյանը: