գլխավոր Հասարակություն Մարզահամերգային համալիրի տարածքում կորոնավիրուսով վարակված անձանց հոսպիտալացումը կազմակերպելը նպատակահարմար չէ․ Արսեն...

Մարզահամերգային համալիրի տարածքում կորոնավիրուսով վարակված անձանց հոսպիտալացումը կազմակերպելը նպատակահարմար չէ․ Արսեն Թորոսյան

Կ. Դեմիրճյանի ավան մարզահամերգային համալիրի տարածքում  կորոնավիրուսով վարակված անձանց հոսպիտալացումը կազմակերպելը նպատակահարմար չէ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին՝ համալիրի տարածքն օտագործվելո՞ւ է, թե՞ նպատակահարմար չէ:

«Նպատակահարմար չէ: Անձնակազմի, թթվածնի և ինֆրաստրուկտուրայի առկայությունը շատ ավելի կարևոր է: Եթե կոպիտ ասեմ, ապա համալիրի տարածքում քաղաքացուն հոսպիտալացնելը համարժեք է տանը թողնելուն»,- ասել է Թորոսյանը:

Անդրադառնալով հարցին, թե այդ դեպքում սկզբում ինչո՞ւ հարյուրավոր մահճակալներ դրվեցին համալիրում՝ նախարարը պատասխանեց՝ որովհետև, երբ հիվանդությունը նոր էր, և ամեն իչ հայտնի չէր դրա մասին, պետությունը հնարավոր բոլոր սցենարները հաշվի էր առել: «Բայց հետո մեր անձնական, համաշխարհային փորձը ցույց տվեցին, որ դրանք գործունակ չեն: Նման ոչ հիվանդանոցային պայմաններում բուժման մեթոդներն արդյունավետ չեն»,-ասել է նախարարը:

Անդրադառնալով հարցին՝ կա՞ն սարքեր, որ կարելի է ձեռք բերել, և բուժառուն տանը թթվածին ստանան՝ Թորոսյանը նշեց, որ ձեռք են բերում թթվածնային կոնցենտրատորներ: Դա տարբերակ է տանը ինչ-որ չափով ավելի մեղմ հիվանդության ընթացք ապահովելու համար: «Մենք ինչքան ունենք՝ մոտ 1 500 թթվածնային կոնցենտրատոր օգտագործում ենք հիվանդանոցներում, ևս 500 հատ գնել ենք, էլի կգնենք»,- ասել է նախարարն ու հավելել՝ սակայն չի կարող ասել, թե մարդիկ տներում ինչքան ունեն: Տեղական շուկայում այդ կոնցենտրատորներից չկան: