գլխավոր COVID-19 Հայաստանը կորոնավիրուսի հայտնաբերման 50 հազար հակագենային թեստ կստանա

Հայաստանը կորոնավիրուսի հայտնաբերման 50 հազար հակագենային թեստ կստանա

Հայաստանը 50 հազար հակագենային նոր թեստ կստանա, որոնք ՊՇՌ թեստերից ավելի արագ են հայտնաբերում մարդու օրգանիզմում առկա կորոնավիրուսը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 9-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ուզում եմ մի լուր հայտնել, որը, հավանաբար, կհանգեցնի ՊՇՌ թեստերի գների իջեցման, դա նոր տեսակի հակագենային թեստերի ներմուծումն է Հայաստան: Այդ թեստերն ավելի արագ են հայտնաբերում վիրուսը և, հավանաբար, կբերեն շուկայի կառուցվածքի փոփոխության, և մարդիկ ու բժշկական կազմակերպությունները կսկսեն դրանք օգտագործել: Աշխարհում այդ միտումը կա, և մենք 50 հազար նման թեստ ենք ստանալու շուտով: Այդ ստացված թեստերն արվելու են անվճար»,- ասաց Թորոսյանը:

Առողջապահության նախարարը հավելեց, որ այժմ ՊՇՌ թեստերից աշխարհում անցում է կատարվում հակագենային թեստերի: