գլխավոր Իրադարձային Հայաստանի դպրոցներում դասավանդելու հնարավորություն կստանան նաև արցախցի ուսուցիչները

Հայաստանի դպրոցներում դասավանդելու հնարավորություն կստանան նաև արցախցի ուսուցիչները

Հայաստանում ժամանակավորապես ապաստանած արցախցի ուսուցիչները հնարավորություն կստանան դասավանդել դպրոցներում, եթե առաջանա նման անհրաժեշտություն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:

«Մենք հավաքագրել ենք և տիրապետում ենք, թե հիմա մոտավորապես քանի արցախցի ուսուցիչ կա Հայաստանում: Նրանք շարունակում են հաշվառվել նախարարության տվյալների բազայում: Եվ այն դպրոցներում, որտեղ կառաջանա ուսուցչի խնդիր, մեր ուսուցիչները ներգրավվելու են և դասավանդելու են Կրթության տեխնոլոգիաների ազգային կենտրոնի համապատասխան կաբինետներից: Այսինքն, միասնական և կենտրոնացված ձևով է լինելու Արցախի ուսուցիչների դասավանդումը»,-ասաց Ղարախանյանը:

Նա շեշտեց, որ բոլոր ջանքերը պետք է համատեղել, որպեսզի կրթության ոլորտում նահանջ ու պարտություն չլինի: «Մենք մեր դաշտում կերտում ենք մեր պատմությունը, պետք է թիկունքում ճիշտ և գրագետ ձևով տանենք բոլոր աշխատանքները»,-նշեց Ղարախանյանը:

Նախարարի խոսքով՝ այս ընթացքում շատ հետաքրքիր կրթական նախաձեռնությունների առաջարկներ են ստացել: Առաջիկայում ուսուցիչների վերապատրաստումներ կանցկացվեն: «Կան տարբեր հոգեբանների խմբեր, որոնք տարբեր տեղեր են այցելում և աշխատում են Արցախից եկած երեխաների հետ: Ամեն ինչ այստեղ արվել է, որ երեխաներն իրենց պաշտպանված զգան»,-ասաց Ղարախանյանը:

Հայաստանում ապաստան գտած արցախցի դպրոցականները և նրանց կրթական կարիքները հաշվառվում են: Արցախցի դպրոցականների հանրակրթության կազմակերպման գործընթացը կսկսի նոյեմբերի 13-ից, 5-12-րդ դասարանների աշակերտները կպարապեն առցանց, իսկ տարրական դասարանների աշակերտների մասով դեռ հայտարարություն կարվի: