գլխավոր Իրադարձային Հնդկաստանն ու Չինաստանը պայմանավորվել են զսպվածություն ցուցաբերել սահմանին և խուսափել սխալ հաշվարկներից

Հնդկաստանն ու Չինաստանը պայմանավորվել են զսպվածություն ցուցաբերել սահմանին և խուսափել սխալ հաշվարկներից

Հնդկաստանի և Չինաստանի ցամաքային զորքերի հրամանատարները պայմանավորվել են զսպվածություն ցուցաբերել սահմանին և լրջորեն իրականացնել այն կոնսենսուսը, որը ձեռք է բերվել երկու երկրների ղեկավարների կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է Հնդկաստանի Արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված հաղորդագրությունում:

«Նոյեմբերի 6-ին Չուշուլայում կայացել է հնդկական և չինական կորպուսների հրամանատարների 8-րդ հանդիպումը: Կողմերը սահմանի արևմտյան հատվածում փաստացի վերահսկողության գծի երկայնքով զորքերի տեղաբաշխման հարցի շուրջ կարծիքների անկեղծ, խորը և կառուցողական փոխանակում են իրականացրել: Երկու կողմերը պայմանավորվել են իրագործել կարևոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել երկրների ղեկավարների կողմից, ապահովել, որպեսզի առաջնագծի ստորաբաժանումները ցուցաբերեն զսպվածություն և խուսափեն թյուրիմացություններից և սխալ հաշվարկներից»,- ասված է հաղորդագրությունում:

Կողմերը պայմանավորվել են բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել առաջիկայում:

Իրավիճակը Հնդկաստանի և Չինաստանի սահմանին սրվել է 2020թ. մայիսին և հունիսին կողմերի միջև բախումների արդյունքում, որոնց հետևանքով Հնդկաստանի առնվազն 20, իսկ Չինաստանի մինչև 45 զինվորական է զոհվել: Բախումներից հետո երկու երկրներն ուժեղացրել են սահմանային հսկողությունը: