գլխավոր Իրադարձային Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների հարցը հնարավոր է տեղափոխվի Նախարարների կոմիտեի դաշտ․ ՄԻԵԴ-ում ՀՀ...

Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների հարցը հնարավոր է տեղափոխվի Նախարարների կոմիտեի դաշտ․ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

Փաստինֆոն գրում է․

«Ադրբեջանը չի կատարել ՄԻԵԴ պահանջը եւ 8 հայ ռազմագերիների վերաբերյալ ՄԻԵԴ-ի պահանջած տեղեկատվությունը չի տրամադրել:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հոկտեմբերի 22-ին ադրբեջանական լրատվամիջոցներում տեսանյութ էր տարածվել ութ հայ ռազմագերիների վերաբերյալ։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը դիմումներ էր ներկայացրել ՄԻԵԴ՝ պահանջելով անհապաղ միջոց կիրառել և տեղեկություն տրամադրել՝ անձանց որպիսության և առողջական վիճակի, գտնվելու վայրի և պահման պայմանների վերաբերյալ, ինչպես նաև պահանջել էր անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ նրանց անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ ՄԻԵԴ-ը Ադրբեջանի կառավարությունից պահանջել էր անհրաժեշտ տեղեկությունը՝ վերջնաժամկետ սահմանելով մինչև հոկտեմբերի վերջը, սակայն Ադրբեջանի ղեկավարությունը, խախտելով պահանջները, անհրաժեշտ տեղեկատվություն չի տրամադրել։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ ստացվել է գրություն, որում, սակայն ռազմագերիների մասին որևէ տեղություն չկար, այլ խոսքով՝ հայցվող տեղեկությունն Ադրբեջանը չի տրամադրել։ Հայաստանը կրկին դիմել է ՄԻԵԴ-ին՝ պահանջելով, որ պարտավորեցնեն Ադրբեջանին` տրամադրել կոնկրետ տեղեկատվությունը, սակայն այս պահին դեռևս պատասխան չի ստացվել։

Նշենք, որ նոյեմբերի 5–ին տվյալներով` Հայաստանի իրավապահները տեղեկացված են Ադրբեջանում գտնվող 21 հայ ռազմագերու մասին: ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը հայտարարել էր, որ ևս երկու անձի վերաբերյալ տվյալներ կան ճշգրտվում են։

Կիրակոսյանի խոսքերով, այս պահին իրապես դժվար է ասել, թե ի վերջո, ռազմագերու կարգավիճակում գտնվող քանի անձ ունենք Ադրբեջանում` նշելով, որ կան մարդիկ, որոնց մասին տեղեկություններ, տեսանյութեր կան, սակայն չի բացառվում, որ լինեն շատ այլ քաղաքացիներ, անձինք, որոնք ռազմագերու կարգավիճակով են հայտնվել այնտեղ, բայց իրենց մասին ինֆորմացիա չկա։

«Այն, ինչ-որ մենք տեսնում ենք հրապարակային և կարողանում ենք ինդետիֆիկացնել, դիմում են ներկայացնում ՄԻԵԴ»,- նշեց Կիրակոսյանը։
Ինչ վերաբերում է հայ ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքին, խոշտանգումներին, ապա այդ մասին տեղեկություն ևս ներկայացվում է ՄԻԵԴ։

Մասնավորապես, համացանցում պտտվող տեսանյութեր էլ կան, որտեղ հստակ երևում են խոշտանգումների և առնվազն վատ վերաբերմունքի դեպքեր։ Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զենքի կիրառմանը՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը նշեց, որ անկախ նրանից՝ Ադրբեջանը վավերացրել է կոնվենցիան, թե ոչ, նման զինատեսակի կիրառումը մարդսաիրական իրավունքի խախտում է և այդ մասին փաստերն արդեն ներկայացվել են ՄԻԵԴ։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ադրբեջանը վերջին օրերին սկսել է օգտագործել ֆոսֆոր պարունակող զենք, որն ունի քիմիական զենքի տարրեր: Դա անում է քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ:

Կիրակոսյանը տեղեկացրեց, որ առաջիկայում ՄԻԵԴ կներկայացվեն նաև ԱՀ և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանների կողմից համատեղ զեկույցը՝ որպես լրացուցիչ ապացույց արդեն կիրառված զենքի հետևանքների մասին, քանի որ նման զենքի կիրառումն ակնհայտ խախտում է թե կոնվենցիոն, թե մարդասիրական իրավունքի։

Ինչ վերաբերում է արդեն ներկայացված ապացույցների վերաբերյալ ՄԻԵԴ-ի արձագանքին, Կիրակոսյանը նշեց, որ այս պահին դեռևս սպասում են արձագանքին, սակայն վաղ է խոսել, թե ինչպես կարձագանքի, որովհետև միջանկյալ միջոցի կիրառման ընթացքը փաստացի դատարանն է վերահսկում։

«Չի բացառվում, որ ամբողջությամբ հարցը տեղափոխվի Նախարարների կոմիտեի դաշտ և այնտեղ քննարկվի, ժամանակը ցույց կտա։ Ամեն դեպքում՝ բոլոր հնարավոր, առկա գործիքներն օգտագործում ենք և, եթե որևէ ապացույց հայտնվում է մեր ձեռքում, ներկայացնում ենք »,- նշեց Կիրակոսյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, որին մասնակցում է նաեւ Թուրքիան, վարձկան-ահաբեկիչներ՝ տարբեր կասետային զինատեսակներով հրթիռակոծելով անգամ խաղաղ բնակավայրերը:

Հայկական կողմին հաջողվել է փաստացի ապացույցներով հիմնավորել Ադրբեջանի կողմից` Թուրքիայի ֆինանսավորմամբ ու հովանավորությամբ, վարձկանների ներգրավումը, երկու վարձկան ահաբեկիչ կալանավերվել է, եւս երեքի նկատմամբ հայտարարվել հետախուզում:

Հայաստանում եւ Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք»։