գլխավոր Հասարակություն Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունն ու կմիջամտի Արցախյան հարցի կարգավորմանը. Բայդենի նախընտրական խոստումներից

Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունն ու կմիջամտի Արցախյան հարցի կարգավորմանը. Բայդենի նախընտրական խոստումներից

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը կճանաչի Հայոց Ցեղասպանությունն ու կմիջամտի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին գրված է նրա գրասենյակի տարածած պաշտոնական փաստաթղթում: Ջո Բայդենի նախընտրական քարոզարշավի ընթացքում, դեռևս հոկտեմբերի 16-ին, տարածվեց նրա գրասենյակի հայտարարությունը՝ ներկայացնելով Բայդենի և նրա վարչակազմի դիրքորոշումը հայերի համար ամենաառաջնային հարցերի շուրջ։ Ըստ «Ջո Բայդենի աջակցությունը հայ ժողովրդին» փաստաթղթի՝ Բայդենը կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ մարդու համընդհանուր իրավունքները հռչակելով իրենց վարչակազմի համար գլխավոր առաջնահերթություն, որպեսզի նմանատիպ ողբերգություն այլևս երբեք չկրկնվի։ Ջո Բայդենն ավելի կամրապնդի ԱՄՆ-Հայաստան գործընկերությունը՝ հայ ժողովրդի կյանքը բարելավելու համար։

Բայդենը կաջակցի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը ՝ վերականգնելով ԱՄՆ-ի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում՝ ներառյալ հրադադարի ռեժիմը վերահսկելու համար լրացուցիչ միջազգային դիտորդներ ներգրավելը: Նա նաև աշխատելու է կանխել որևէ երրորդ կողմի, այդ թվում` Թուրքիայի նման ազգայնական-պետությունների միջամտությունը և օտարերկրյա վարձկանների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ հանցագործություններ կատարելու գործում։ Բայդենը լիովին կաջակցի ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրվող աջակցության ծրագրերին ՝ ժողովրդավարական կառավարման ամրապնդման և տնտեսական աճի խթանման համար, ինչպես նաև կվերանայի ԱՄՆ-ի կողմից անվտանգության նպատակներով Ադրբեջանին հատկացվող աջակցությունը՝ համոզվելու համար, որ այն չի ծառայեցվում հարձակողական նպատակներին։ Նա կշարունակի հումանիտար ականազերծման երկարաժամկետ օգնության ծրագիրը Լեռնային Ղարաբաղում, որը Թրամփը փորձել է կասեցնել: Նա կդատապարտի Ամերիկայում հայ համայնքի նկատմամբ ատելության հիմքով հանցագործությունները և կուժեղացնի հոգևոր կառույցների պաշտպանությունը՝ ընդլայնելով հոգևոր կազմակերպություններին անվտանգության նպատակով հատկացվող դրամաշնորհները, Արդարադատության նախարարությունում նախաձեռնելով հատուկ իրավական նախագիծ՝ նվիրված հոգևոր կենտրոնների վրա հարձակումները կանխելուն։

AACP-Armenian American Central Press