գլխավոր Գլխավոր Եվրոպան չի հասկանում, որ Թուրքիայի ներկա ղեկավարությունն ունի բոլորովին այլ օրակարգ․ ՀՀ...

Եվրոպան չի հասկանում, որ Թուրքիայի ներկա ղեկավարությունն ունի բոլորովին այլ օրակարգ․ ՀՀ նախագահի հարցազրույցը La Libre Belgique-ին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել բելգիական հեղինակավոր La Libre Belgique պարբերականի հատուկ թղթակից Քրիստոֆ Լամֆալյուսիին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երկար ճանապարհ է անցել որպես վարչապետ (1996-1997) և հատկապես որպես Լոնդոնում Հայաստանի դեսպան (1998-2018): Դրա հետ մեկտեղ՝ նա կարևոր դեր է ունեցել բիզնեսի ասպարեզում՝ լինելով միջազգային բազմաթիվ ընկերությունների խորհրդատու, որպիսիք են, մասնավորապես, Alcatel-ը, Bank of America-ն, Merril Lynch-ը և այլք։ La Libre Belgique-ը նախագահի հետ հանդիպել է Երևանում:

La Libre Belgique- Պարոն նախագահ, մենք գալիս ենք Երևանի զինվորական գերեզմանոցից, ուր տեսանք տասնյակ դագաղներ: Ինչպե՞ս եք վերաբերվում այս ողբերգությանը:

– Ամեն օր մենք կորցնում ենք կյանքեր, երիտասարդներ, որ չեն դառնալու հայր, արտիստ, գիտնական… Սա վիթխարի ողբերգություն է: Այդ կյանքերը կորսվեցին, մինչդեռ խաղաղ լուծման ուղի կար՝ մշակված Մինսկի խմբի կողմից, որ միավորում է Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային և Ռուսաստանին: Դժբախտաբար, Ադրբեջանը որոշեց լքել բանակցությունների սեղանը և դիմել ռազմական ուղուն:

La Libre Belgique- Ադրբեջանն ուզում է վերականգնել իր տարածքային ամբողջականությունը…

– Ղարաբաղն իր բնակիչների պատմական հայրենիքն է: Այդ մարդիկ այնտեղ էին հազարամյակներ ի վեր: Նրանք այնտեղ 301թ. քրիստոնեություն ընդունեցին: Նրանք ապրում էին այնտեղ, իրենց լեռներում, երբ 11-րդ դարում թուրք-սելջուկները եկան Կենտրոնական Ասիայից: Նրանք տեսել են մոնղոլներին, Լենկթեմուրին, մաս են կազմել Պարսկաստանին, հետո՝ Ռուսական կայսրություններին, բայց ոչ երբեք՝ Ադրբեջանին:

Խնդիրն սկսվեց Խորհրդային Միության ստեղծման ժամանակ, երբ ընկեր Ստալինը Նախիջևանն ու Արցախը տվեց (Ադրբեջանին): Եթե հասնենք մինչև 20-րդ դարի սկիզբը, այդ ժամանակ Արցախում ապրում էին 350 հազարից 360 հազար բնակիչ, ճնշող մեծամասնությամբ՝ 95 տոկոս, հայեր: Այդ ժամանակ Շուշին մեծ քաղաք էր, 60 հազար բնակչով՝ մեծամասամբ հայեր: Այն փոքր էր Թբիլիսիից, բայց մեծ էր Երևանից: Խորհրդային տարիներին Ղարաբաղն ինքնավար մարզ էր Ադրբեջանի կազմում: Լեռնային Ղարաբաղն աշխարհի ամենամեծ ինքնավարության աստիճանն ուներ, քանի որ դրա երաշխավորը Խորհրդային Միությունն էր: Այն տևեց 70 տարի: Չնայած դրան, այնտեղից 200 հազարից ավելի մարդիկ հեռացան: Ինչո՞ւ: Որովհետև հայկական դպրոցներ չկային, որովհետև երիտասարդներն աշխատանք չէին գտնում: Դա քիչ թե շատ խաղաղ էթնիկ զտում էր:

Երբ խորհրդային կայսրությունը փլուզվեց, մարդիկ ցանկացան կրկին ապրել այնպես, ինչպես ապրել էին հազարավոր տարիներ ի վեր: Բաքվի պատասխանը ջարդերն էին: Ինչպե՞ս կարող ես ապրել մարդկանց հետ, որոնք քեզ վռնդում են: Ոչ մի վստահություն չկա: Նրանք (Ադրբեջանը) ասում են, թե ազատագրելու են Ղարաբաղը, բայց ումի՞ց:

La Libre Belgique- Ո՞վ է սկսել այս պատերազմը: Ադրբեջանը պնդում է, թե ինքը հակահարված է տվել հայկական հարձակմանը:

 – Պատասխանը տրամաբանությունն է. Արցախի համար ի՞նչ իմաստ ուներ պատերազմ սկսել: 1994թ. ստորագրված զինադադարից հետո գոյություն ուներ հնարավորինս լավագույն բանակցությունների սեղանը: Հայերը վերականգնեցին Շուշիի մզկիթը, կառուցեցին դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ՝ հույս ունենալով, թե բանակցությունները կհանգեցնեն նորմալ կյանքի:

La Libre Belgique- Ի՞նչ դեր է խաղում Թուրքիան:

– Բացարձակապես բացասական: Եթե Թուրքիան չխառնվեր, Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը հավանաբար կհամաձայնեին զինադադարի: Թուրքիան շատ ավելի լայն օրակարգ ունի՝ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, Եգիպտոսում, Արևելյան Միջերկրականում: Նա ամենուր անկայունություն է ստեղծում և այդ անելով խախտում ստատուս-քվոն, որ իր դերն ավելի կարևորի: Հիմնական թիրախը Եվրոպան է: Թուրքիան շատ խաղաքարտեր ունի: Դրանցից մեկն էներգետիկան է: Թուրքիան էներգիա գնող երկիր էր: Հիմա նրանք ուզում են սեփականը՝ իրենց իսկ հսկողության տակ: Եվ երբ Կասպից ծովի գազն ու նավթը պետք է ուղղվեն դեպի Եվրոպա, դա կլինի տրանսանատոլիական (TANAP), հետո՝ տրանսադրիատիկ (TAP) գազատարներով: Թուրքիան ուզում է վերահսկել Կասպից ծովից և Կենտրոնական Ասիայից եկող էներգահոսքը: Կենտրոնական Ասիայի երկրները, ինչպես նաև Հարավային Եվրոպան կախված կլինեն նրանից:

Մյուս խաղաթուղթը փախստականներն են: Դուք չորս միլիոն փախստական ունեք ձեր սահմաններին, և Թուրքիան դրանով առևտուր է անելու ձեզ հետ: Դուք արդեն 6 մլրդ եվրո եք վճարել, չէ՞:

Երրորդ խաղաթուղթը ահաբեկիչներն են լինելու: Ո՞վ է ձեզ ասում, որ նրանք (որոնք Ադրբեջանում են-խմբ.) չեն կարող մի այլ օդանավ նստել ու գնալ Եվրոպա: Դա մարդկանց ծայրահեղության մղելու մի այլ միջոց է: Լիբիայում Թուրքիան նույն օրակարգն ունի. վերահսկել էներգահոսքերը և վերահսկել աֆրիկյան ներգաղթի դռները դեպի Եվրոպա:

Եվրոպան չի հասկանում, որ Թուրքիայի ներկա ղեկավարությունն ունի բոլորովին այլ օրակարգ: Նա չի ուզում ԵՄ-ի հետ արժեքներ կիսել, օրինակ՝ հանդուրժողականություն: Այդ մարդիկ անհանդուրժող են: Ես խոսում եմ առաջնորդների մասին, ոչ թե թուրք ժողովրդի: 2007թ. հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքն սպանվեց Ստամբուլում… Հարյուր հազարավոր թուրքեր ասում էին, որ իրենք Հրանտ Դինք են:

La Libre Belgique- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրել է Ռուսաստանի աջակցությունը Հայաստանի անվտանգությունը երաշխավորելու համար: Ի՞նչ դեր կարող է խաղալ Ռուսաստանը:

– Ռուսաստանը կարևոր դեր է խաղում տարածաշրջանում: Նա Մինսկի խմբի անդամ է և լավ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Նա, ի հակադրություն Թուրքիայի, կարող է միջնորդ լինել: Բայց Ռուսաստանը նաև հասկանում է, որ Թուրքիան իր դերն ունի խաղալու: Եթե Թուրքիան օգտագործի իր ազդեցությունը և ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, հնարավոր կլինի հրադադար հաստատել:

La Libre Belgique- Պատերազմի ներկա փուլում դեռ հնարավո՞ր է բանակցել:

 – Եթե Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, դրա համար կա միայն մեկ բացատրություն. Հայաստանը դեռևս լույս տեսնում է այս սարսափելի թունելի վերջում: Եթե նույնիսկ հայերը դուրս մղվեն Արցախից, դա չի նշանակում, թե վերջնական լուծում կլինի: Առաջին, որովհետև նրանք պատմության ընթացքում մարտնչել են բոլորի դեմ: Երկրորդ, վերջնական լուծում չի կարող լինել, մինչև որ կողմերը չնստեն սեղանի շուրջ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար և իրար ձեռք չսեղմեն:

Մի օրինակ, Թուրքիան Ցեղասպանության ժամանակ կոտորեց 1,5 մլն հայ: Կարծո՞ւմ եք՝ մարդիկ մոռացե՞լ են դա: Երրորդ և չորրորդ սերունդները դեռ հիշում են, և այսօր նրանք կամավորական են դառնում Արցախում կռվելու, Թուրքիայի դեմ կռվելու համար: Եթե Թուրքիան շարունակում է ժխտել դա, կարծո՞ւմ եք, որ երկու ազգերը պատրաստ կլինեն բանակցել։ Ոչ: Դուք մարդկանց կարող եք դուրս քշել, բայց հիշողությունը կհարատևի մի սերնդից մյուսը:

La Libre Belgique- Փոխզիջումների մասով, կարծո՞ւմ եք, որ պետք է քննարկումներ լինեն Ղարաբաղի շուրջ «անվտանգության գոտու» վերաբերյալ:

– Պե՞տք է լինեն կապույտ սաղավարտներ, անվտանգության գոտիներ: Դա հակամարտությունները լուծելու դասական եղանակ է: Սակայն առաջին բանը, որ պետք է արվի, հրադադարն է: Երկու ճամբարներում էլ մահեր կան, և դա մեզ ոչ մի տեղ չի տանում: Վերջնական ռազմական լուծում գոյություն չունի: Կլինեն ժամանակավոր հաղթանակներ, սակայն պատերազմը շարունակվելու է: Կարևորը վստահությունը վերահաստատելն է:

La Libre Belgique- Դուք կարո՞ղ եք վստահել նախագահ Ալիևին:

– Փոխվստահությունը կարող է ձեռք բերվել բանակցությունների ընթացքում: Ես Մինսկի խմբում բանակցող չեմ: Այդ դերը վերապահված է վարչապետին և արտաքին գործերի նախարարին, բայց ես հույս ունեմ, որ երբ նրանք վերադառնան սեղանի շուրջ, կկարողանան միջազգային հանրության աջակցությամբ վերականգնել փոխվստահությունը և հասնել վերջնական լուծման:

Ոչ ոք պատրանք չպետք է ունենա, որ որևէ հարց կարող է լուծվել ուժի միջոցով: