գլխավոր Քաղաքականություն Որոշ երկրներ փորձում են համաճարակային և ընդհանուր գլոբալ անկայունությունն օգտագործել քաղաքական և...

Որոշ երկրներ փորձում են համաճարակային և ընդհանուր գլոբալ անկայունությունն օգտագործել քաղաքական և տնտեսական շահերի համար․ Միշուստին

Որոշ երկրներ փորձում են համաճարակային և ընդհանուր գլոբալ անկայունությունն օգտագործել քաղաքական և տնտեսական շահերի համար: Այսպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում, որն անցկացվում է տեսակոնֆերանսի ռեժիմով:

«Միջազգային հանրության որոշ անդամներ փորձում են օգտագործել համաճարակային և ընդհանուր գլոբալ անկայունությունը տնտեսական և հաճախ քաղաքական առավելություններ ստանալու համար», – մեջբերում է ՌԴ վարչապետին ТАСС-ը:

Որպես նման գործողությունների օրինակ Միշուստինը նշել է այլ երկրների կողմից տնտեսական գործընթացների իրենց տեսլականը պարտադրելը, ինչպես նաև պատժամիջոցների սահմանումն ու պրոտեկցիոնիստական միջոցառումները, որոնք լայնորեն օգտագործվում են անբարեխիղճ մրցակցության նպատակով: Այս ամենը տեղի է ունենում Բելառուսում, Ղրղզստանում ծանր իրավիճակի և Արցախում հակամարտության սրման ֆոնին, նշել է Միշուստինը:

«Այս պայմաններում Համագործակցության երկրները պետք է պահպանեն կառուցողական փոխազդեցություն, ներդաշնակ աշխատեն և մնան միմյանց համար ամենամոտ տնտեսական գործընկերները», – ասել է ՌԴ վարչապետը: