գլխավոր Գլխավոր ԱՊՀ հարթակը կեղծիքներ ու կեղծարարություններ տարածելու տեղ չէ․ ՀՀ փոխվարչապետ

ԱՊՀ հարթակը կեղծիքներ ու կեղծարարություններ տարածելու տեղ չէ․ ՀՀ փոխվարչապետ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվող նիստում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ադրբեջանական կողմին մեղադրելով Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության աջակցությամբ ԼՂ-ում ռազմական հանցագործությունների կատարման համար:

«Ներկայում շարունակվում է ագրեսիան ընդդեմ ԼՂ-ի, ընդ որում՝ ագրեսիան իրականացվում է Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության ուղղակի աջակցությամբ և Սիրիայից և Լիբիայից ահաբեկիչների ներգրավմամբ: Ադրեբեջանի կողմից կռվողները կիրառում են ահաբեկչական խմբավորումներին բնորոշ մեթոդներ, օրինակ՝ ռազմագերիների կտտանքներ, գնդակահարություններ և գլխատում, զոհերի մարմինների անարգում: Ադրբեջանի ղեկավարության խղճին ռազմական հանցագործությունների մի ամբողջ շարք կա»,-հայտարարել է փոխվարչապետը:

Գրիգորյանի խոսքով՝ «Ադրբեջանը բոլորի աչքի առաջ դառնում է  ահաբեկիչների և նրանց գաղափարախոսության՝ դեպի ԱՊՀ տարածք ներթափանցման պլացդարմ»:

«Ադրբեջանի օդուժի հրթիռառումբային հարվածների թիրախում են հայտնվում ԼՂՀ բոլոր բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և մեծությամբ երկրորդ քաղաք Շուշին: Ավերվում են քաղաքացիական ենթակառուցվածքը, առողջապահական հաստատությունները, դպրոցները, մանկապարտեզները, մշակութային կենտրոնները»,-հավելել է պաշտոնյան:

Գրիգորյանը նաև հայտարարել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է:

«Ադրբեջանն արդեն պետք է հասկացած լիներ, որ ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում չունի: Իսկ ԱՊՀ հարթակը կեղծիքներ ու կեղծարարություններ տարածելու տեղ չէ», – հայտարարել է նա: