գլխավոր Հասարակություն Երևանի բազմաբնակարան շենքերում տեղադրվել են ավելի քան 310 նոր վերելակներ

Երևանի բազմաբնակարան շենքերում տեղադրվել են ավելի քան 310 նոր վերելակներ

Երևանի բազմաբնակարան շենքերում արդեն իսկ տեղադրվել են ավելի քան 310 նոր վերելակներ, ծրագրի համաձայն՝ մինչև տարեվերջ այդ թիվը նախատեսվում է հասցնել 500-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց Երևանի փոխքաղաքպետ Սերգեյ Ներսեսյանը՝ անդրադառնալով 500 վերելակների նորերով փոխարինման ծրագրին:

«Հուսով ենք, որ մինչև տարվա վերջ կունենանք տեղադրված թվով 500 վերելակ: Տեղադրված է 318-ը, եթե չեմ սխալվում: Մնացածը մինչև սույն ամսվա 15-ը կհանձնվեն նույնպես, որի դիմաց վճարումները կկատարվեն: Պայմանագիրը երկարաձգվել է, մատակարարի հետ խոսել ենք, պայմանավորվել ենք, ուշացումներ չեն լինի, մինչև տարվա ավարտ կփորձենք ապահովել այդ ծրագրի իրականացումն ամբողջությամբ»,- ասաց նա:

Փոխքաղաքապետի խոսքով՝ ռազմական իրավիճակը որոշակի առումով գործընթացի վրա ունեցել է ազդեցություն, սակայն մատակարարն իր պարտականությունները կատարում է նորմալ տեմպով: