գլխավոր Քաղաքականություն Անհետ կորած զինծառայողի հարազատից խաբեությամբ գումար շորթած անձը կալանավորվել է․ ԱԱԾ Քննչական...

Անհետ կորած զինծառայողի հարազատից խաբեությամբ գումար շորթած անձը կալանավորվել է․ ԱԱԾ Քննչական դեպարտամենտի պետի տեղակալ

Անհետ կորած զինծառայողի հարազատից խաբեությամբ գումար շորթած անձը կալանավորվել է, նա տվել է ինքնախոստովանական ցուցմունք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նոյեմբերի 5-ի ասուլիսի ժամանակ ասաց ԱԱԾ Քննչական դեպարտամենտի պետի տեղակալ Վազգեն Ավետիսյանը:

«Իմ տեղեկություններով կան նրա գործողություններից տուժած այլ անձինք: Բոլորին հորդորել ենք, որպեսզի դիմեն ազգային անվտանգության ծառայություն»,- ասաց Ավետիսյանը:

Նա նշեց, որ  կալանավորված անձը բավականին փորձ ուներ խարդախություն կատարելու, նախկինում մի քանի անգամ դատապարտվել է:

Ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 2-ին  հայտարարություն էր  տարածել այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչ, նախկինում մի քանի անգամ խարդախություններ կատարելու համար դատապարտված Հ. Բ.-ն անհետ կորած զինծառայողի հարազատից խաբեությամբ գումար շորթած, ներկայանալով որպես ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնատար անձ:   Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում կաշառք ստանալու պատրվակով խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով Հ. Բ.-ն ձերբակալվել էր: